Ֆրանսիայում տեղի ժամանակով ժամը ութից (երեւանյան ժամանակով` 11:00-ին) մեկնարկեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում պայքարում են տասը թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին:
Սարկոզիից բացի նախագահի աթոռի համար կպայքարեն սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդը, ուլտրա-աջերի առաջնորդ Մարին Լը Պենը, “Դեմոկրատական շարժման” նախագահ Ֆրանսուա Բայրուն, “Ձախ ճակատի” նախագահ Ժան Լյուկ Մելանշոնը, “Եվրոպա Էկոլոգիա- կանաչներ” կուսակցության նախագահ Եվա Ժոլին, “Վեր կաց, հանրապետություն” կուսակցության ղեկավար Նիկոլա Դյուպոն-Էնյանը, “Համերաշխություն եւ զարգացում” կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը, “Նոր հակակապիտալիստական կուսակցության ղեկավար ” Ֆիլիպ Պուտուն եւ “Աշխատավորական պայքար” կուսակցության նախագահ Նատալի Արտոն: Վերջին հարցումների համաձայն առաջին փուլումՀոլանդի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 30 տոկոսը, Սարկոզիի օգտին` 26.5 տոկոսը: Ֆրանսիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Եթե թեկնածուներից մեկին հաջողվի հավաքել 50 տոկոս ձայներ, նա կհայտարարվի նախագահ, հակառակ դեպքում մայիսի վեցին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: