ԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԳԻՆԸ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ խնդրի շուրջ օղակը գնալով սեղմվում է. այս հիմնահարցին անդրադարձ է եղել նաեւ Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ընդունված հռչակագրում, արդյունքում՝ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ բոյկոտել է կարեւորագույն այս միջոցառումը:
ՆԱՏՕ-ի համաժողովի հռչակագրում ընդհանրական ձեւակերպմամբ անդրադարձ կա նաեւ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների կարգավորմանը: Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի վեհաժողովը մտահոգություն է հայտնում Հարավային Կովկասում եւ Մոլդովայում առկա սառեցված հակամարտությունների առնչությամբ, ընդգծում, որ աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, շարունակում սատարել տարածաշրջանային այս հակամարտությունների կարգավորմանը նպաստող ջանքերին՝ միջազգային իրավունքի եւ Հելսինկյան ակտի սկզբունքների հիման վրա: Ի դեպ, ըստ պաշտոնական մեկնաբանության՝ հենց այս ձեւակերպումների պատճառով Սերժ Սարգսյանը որոշել է բոյկոտել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ չմեկնել Չիկագո: Իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հռչակագրի ձեւակերպումները կարող են վնաս հասցնել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ԱԳ նախարարությունը նաեւ հայտարարություն է տարածել. «Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա»: Նկատենք, որ 2010թ. եւս Սերժ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել Լիսաբոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի որ ամփոփիչ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ամրագրված էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ոչ մի խոսք չկար ինքնորոշման իրավունքի մասին:
ԱԳՆ տեսակետը, սակայն, չի կիսում Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Ըստ նրա՝ սա խոսում է իշխանությունների անգրագիտության մասին: Կարապետյանի խոսքերով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված փաստաթուղթը, ի տարբերություն 2010թ. փաստաթղթի, միակողմանի չէ: «Լիսաբոնի փաստաթուղթն իսկապես միակողմանի էր, այնտեղ ամրագրված էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: Մինչդեռ այստեղ հղում է արված նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտին: Իսկ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների մեջ է նաեւ ինքնորոշման սկզբունքը: Այսինքն՝ սա շատ ավելի հավասարակշռված եւ բոլոր շահերը հաշվի առնող փաստաթուղթ է»,-նշեց Կարապետյանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ գագաթնաժողովը բոյկոտելուն, ապա Կարապետյանին դա զարմացրել էր. «Ես զարմացած եմ, որ նման անգրագետ հայտարարություն կարելի է անել, որովհետեւ, կրկնում եմ, հստակ նշված է, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն մի շարք սկզբունքների, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում առկա սկզբունքների շրջանակում: Դա չտեսնելու համար առնվազն պետք է կույր լինել ու ոչինչ չհասկանալ դիվանագիտությունից: Այնպես որ, ի տարբերություն երկու տարի առաջ ընդունված փաստաթղթի՝ սա շատ ավելի հավասարակշռված է»:
Փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով. վեհաժողովում քննարկվելու էր Ռուսաստանի համար անցանկալի մի խնդիր եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ: Եւ այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը փորձել է ճողոպրել:
Մինչ այդ, սակայն, նկատենք, որ ՆԱՏՕ-ում ընդունված հռչակագիրը ԼՂ հիմնախնդրի մասին այս ամսվա մեջ ընդունված երկրորդ փաստաթուղթն է. օրեր առաջ՝ մայիսի 10-ին, Ադրբեջանին հաջողվել էր «Չմիավորված երկրների շարժման» հայտարարության մեջ ամրագրել ձեւակերպում, ըստ որի՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքի հիման վրա: Ընդ որում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի փաստաթղթի՝ այստեղ որեւէ բառ չկա Հելսինկյան սկզբունքների մասին: Ու թեեւ այս փաստաթղթերը իրավական առումով որեւէ արժեք չեն ներկայացնում, բայց եւ դրանք կարելի է համարել Ադրբեջանի դիվանագիտական հերթական փոքր հաղթանակը: Ընդ որում, սա այն գինն է, որ վճարում են իշխանությունները կեղծված ընտրությունների դիմաց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս