Չգիտեմ՝ որքանով կստացվի շարժել անշարժը. Արմեն Աշոտյանը՝ «եռյակի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես այդ երջանկությունը չունեմ՝ հետևելու «եռյակի» նիստերին, բայց ծանոթ եմ նրանց մոտեցմանը: Կարող եմ ասել, որ Հայաստանի քաղաքական մշակույթում, ցավոք սրտի, չի արմատավորվում գործելաոճը, երբ համագործակցությունը, համատեղ աշխատանքը չի դիտարկվի որպես քաղաքական դիրքորոշման կապակցությամբ հետընթաց»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «եռյակի» դիրքորոշմանը՝ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կարծում եմ, որ մեր որոշ քաղաքական ուժերն այս տեսակետից բարդույթավորված են՝ չհասկանալով. քաղաքակիրթ քաղաքական մշակույթը երբեմն պահանջում է համատեղ աշխատանք՝ քաղաքական տարաձայնություններ ունենալով հանդերձ: Այդ որոշումից առաջին տպավորությունս այն է, որ

ա) բարդույթները թույլ չեն տալիս համատեղ աշխատել,

բ) կա նաև 12 կետերի նկատմամբ անլրջություն հենց կետերի հեղինակների կողմից,

գ) երկրի առջև ծառացած խնդիրները չեն սահմանափակվում 12 կետերով,

դ) չգիտեմ՝ «եռյակը» ինչ է որոշում, բայց մեր աշխատանքը ստացվում է», -հայտարարեց ԿԳ նախարարը:

Այն դիտարկմանը, թե իշխանությունները 6 ամիս ժամանակ ունեին լուծելու 12 կետերը, Արմեն Աշոտյանն ասաց, թե պետք է տարբերակել բանավոր արտաբերումը հիմնավորումից:

«Եթե մարդիկ ինչ-որ նախադասություններ կարողանում են շարադրել ամենադաժան քննադատությամբ հանդերձ, դա դեռ հիմնավորում չէ: Բարձրացված և ոչ մի հարց ակնթարթային լուծում չունի»:

Հարցին՝ 12 կետերի վերանայմամբ իշխանությունները նպատակ ունեն մարե՞լ շարժումը, Աշոտյանը պատասխանեց. «Շարժման հետ կապված՝ չգիտեմ՝ որքանով է շարժումը շարժում, որքանով կստացվի շարժել անշարժը, չգիտեմ, բայց ակնհայտ է՝ մեր ուժերը հեռանկարի խնդիր ունեն:  Մնացած ամեն ինչ ինձ համար ավելի շատ իմիտացիա է հիշեցնում: ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, ով արդյունքը գերադասում է», – եզրափակեց նա:




Լրահոս