ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ 73-ամյա մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը երեկվանից հացադուլ է հայտարարել կառավարության շենքի առջեւ: Նա մի քանի տասնյակ գյուտեր ներկայացնող թղթեր շարել էր հանրապետության հրապարակի գլխավոր շենքի աստիճաններին ու դրանք ներկայացնում էր հետաքրքրասերներին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մաթեմատիկոսն իր այս քայլը բացատրեց իշխանությունների դրսեւորած անտարբերության նկատմամբ իր բողոքով: Հ. Մխիթարյանը հարյուրավոր բանաձեւեր է հայտնաբերել աստղագիտության եւ ֆիզիկայի ոլորտում ու ներկայացրել Գիտությունների ազգային ակադեմիա, բայց այնտեղից պատասխանել են, որ իրենք դրանք չեն քննարկելու, քանի որ դա իրենց ոլորտը չէ: «Այս երկիրն անգրագետների երկիր է, եւ մեր Գիտությունների ազգային ակադեմիան անգրագետների ազգային ակադեմիա է եւ չի ուզում ընդունել իրականությունը: Մի՞թե կարելի է այս հայտնագործություններին նման անտարբերությամբ վերաբերվել»,-վրդովված ասաց նա:
Մխիթարյանի համոզմամբ՝ իր բոլոր գյուտերն աշխարհը ցնցելու են, բայց Հայաստանում դրանց բանի տեղ դնող չկա: Ինքնահռչակ գյուտարարի խոսքով՝ իր հայտնագործություններից հատկապես արժեքավոր են հավերժական շարժիչն ու օգտակար գործողության գործակցի նոր ցուցանիշը. «Աշխարհը սահմանել է, որ օգտակար գործողության գործակիցը 100-ից մեծ չի կարող լինել, բայց ես ապացուցում եմ, որ կարող է… Հավերժական շարժիչի գյուտի համար աշխարհը 10 միլիարդ դոլար է խոստանում, բայց ինձ բանի տեղ չեն դնում»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ այս հայտնագործությունների համար ինքը կարող էր դառնալ անգամ Նոբելյան մրցանակակիր, բայց ոչինչ չի արվում: «Իմ պատվոգրերը վկայում են իմ աշխատանքի եւ հայտնագործությունների մասին: Ում ասես՝ չեն պարգեւատրում, ով ասես՝ պատվոգիր չի ստանում»,-ասաց հացադուլավորը: Նա նշեց, որ հացադուլը շարունակելու է Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առաջ, որ բոլորը տեսնեն ու հասկանան, թե ինչ է կատարվում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս