Ես հիշում եմ իմ ցեղի աղջիկներին, որոնց բռնաբարել են, որովհետև մահ չէին ուզում տալ. Ռուանդայի ներկայացուցչի հուզիչ ելույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես եկել եմ Հայաստան որպես քույր, ցավի քույր, որին թիրախավորել էին ցեղասպանության համար: Այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական- քաղաքական գլոբալ համաժողովում այսպես սկսեց իր ելույթը Ռուանդայի ներկայացուցիչ Էսթեր Մուջավայոն: «Իմ բախտը բերեց, և ես ողջ մնացի իմ երեք փոքրիկ դուստրերի հետ»,- նշեց նա և հավելեց.

«Ես բերում եմ վերապրողի դրականը, տոկունությունը:  Ու ես հիշում եմ իմ ցեղի երիտասարդ աղջիկներին, որոնց բռնաբարել են, որովհետև մահ չէին ուզում տալ, դա ավելի հեշտ էր, ահա ինչու բռնաբարում էին, վարակում ՄԻԱՎ-ով, որ դանդաղ մահանան:

Նա ընդգծեց, որ ոչ ոք ոչինչ չի արել ցեղասպանության կանխարգելման համար: «Երեք ամսում սպանվեցին մեկ միլիոն թութսիներ: Ու դու զգում ես, որ դատարկ ես, մենակ ես, ոչ մեկին չունես: Բայց չէ՞ որ ես ինչ-որ մեկի կինն էի, քույրն էի, այդ բոլորն այլևս գոյություն չուներ ու դու պետք է ապրես մահացած հարազատներիդ հիշողությամբ, թե ինչպես են նրանք սպանվել»,- պատմեց նա:

Այնուհետ նա նշեց, թե ամբիոնին է մոտեցել երկար կտորով փաթաթված, որովհետև իրենց ցեղի կանանց մերկացրել են, բռնաբարել: «Այնքան անարդար է, սպանել են ժողովրդին, կանանց վարակել ՄԻԱՎ վարակով, ու երբ մենք գնացինք վկայություն տալու, որ դեղեր ստանանք, մեզ ասացին, որ վերապրողների համար դեղեր չկան»,- հավելեց նա:

Նշենք, որ նրա ելույթից հետո երկարատև ծափողջույներ հնչեցին, իսկ Ռուանդայի ներկայացուցիչը լաց եղավ հենց ելույթ ունենալիս:




Լրահոս