Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են “Ժողովուրդ”-ի խմբագրություն` խնդրելով պարզաբանել, թե ինչու են նպաստներից եւ կենսաթոշակներից 200-ական դրամներ գանձվում: Արդյոք դա “Հայփոստ”-ի բաժանմունքի պետ Հոմերոս Կրպեյանի կամայականությունների դրսեւորում է, թե՞ “կառավարվում է օրենքով”:
“Մեր գյուղի փոստի վարիչն ամեն ամսվա թոշակից, նպաստից 200 կամ 300 դրամ ա վերցնում: Ասում ենք՝ Հոմերո՛ս ջան, աղքատ մարդիկ ենք, առանց դա էլ շատ վատ վիճակում ենք, ինչի՞ ես մեզանից էդ փողը վերցնում, մնար, դրանով էլ մի ցավի ոտք կկոտրեինք: Գիտե՞ս՝ էս փոստի պետն էլ ինչ ա պատասխանում, ասում ա, թե ես ինչ անեմ, ինձանից էլ վերեւներում են պահանջում: Աղջի՛կ ջան, մի հարցրե՛ք էդ “վերեւներին”, եթե էդ փողը մեզնից պիտի տանեն, էլ ինչի՞ են մեզ տալիս, հետո ձեռներիցս առնում: Լավ չի՞ հենց “վերեւում” վերցնեն, ո՛չ աչքներս տեսնի, ո՛չ էլ սրտներս ցավա”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում, իրար ընդմիջելով, դժգոհում էին Լիճք համայնքի մի խումբ բնակիչներ:
Մեզ հետ հեռախոսազրույցում, սակայն, Հոմերոս Կրպեյանը հերքեց այդ լուրը` ենթադրելով, որ իր հասցեին հնչող հերյուրանքները կապված են սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ. “Նման բան չկա: Ես 15 տարի է՝ աշխատում եմ ժողովուրդի հետ եւ երբեք նման գործարքի չեմ գնացել: Այս ամենը երեւի կապված է ընտրությունների հետ: Գործող գյուղապետը՝ Գնել Գրիգորյանը, իմ բարեկամներից է: Ընտրությունների ընթացքում որոշ մարդկանց մոտ տեսակետ էր ձեւավորվել, որ ես աշխատում եմ Գրիգորյանի օգտին: Այնինչ ես ոչ մի ձեւով չեմ խառնվել ընտրություններին, անգամ ընտրություն չեմ կատարել: Ուղղակի այդ մարդիկ լիցքավորված են որոշ մարդկանց կողմից, որոնք ուզեցել են իմ նկատմամբ բողոք արտահայտել: Մինչեւ անգամ ականջիս տեղեկություն է հասել, որ հակառակորդ կողմի՝ Համլետ Հակոբյանի համախոհները խոստացել են ինձ ազատել տալ աշխատանքից: Ենթադրում եմ` այս բողոքը դրա համար է: Ես, իհարկե, ուզում եմ վստահեցնել, որ Հակոբյանն անձամբ նման բան չէր անի, բայց… դե գյուղում չուզողներ շատ ունեմ”: Նա նաեւ հավելեց, որ ինքը բարեխիղճ աշխատող է, եւ 30 տարի Լիճքի փոստային բաժանմունքի պետ աշխատած հորից “ժառանգելով” այս աշխատատեղը` փորձում է մաքուր պահել իրենց ընտանիքի անունը:
“Հայփոստ” ՓԲԸ-ի հանրային կապերի եւ լրատվության բաժնի պետ Գեւրոգ Աբրահամյանը “Ժողովուրդ”-ի այն հարցմանը, թե արդյոք ընկերությունը տեղեկացված է Լիճքի փոստի բաժանմունքի վարիչի վերոնշյալ աշխատելաոճի մասին, պատասխանեց. “Ա՜յ քեզ բան: Բացառվում է նման պահանջ կենտրոնի գրասենյակի կողմից: Մեր կողմից դատապարտվում են նման արարքները: Դրա վառ ապացույցը կարող է հանդիսանալ անցյալ տարվա ընթացքում տասնյակ բաժանմունքի պետերի, փոստատարների ազատման փաստը: Իհարկե, Ձեր զանգից հետո մենք կհրահանգենք համապատասխան մարդկանց զբաղվել այս հարցով եւ փաստի իսկության դեպքում խոստանում ենք ազատել բաժանմունքի պետին զբաղեցրած պաշտոնից”:
Անկախ նրանից, թե այս մասնավոր դեպքի հետ կապված ինչ վերաբերմունք կդրսեւորի “Հայփոստ”-ը, թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ չգրված օրենքով գրեթե բոլոր փոստատարները, յուրաքանչյուր կենսաթոշակառուից կամ նպաստառուից շորթում են տարեկան 2400-3600-ական դրամ գումար: Դա մտահոգիչ է:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
“Ժողովուրդ” թերթի 11.10.12.