Այսօր երեկոյան տեղի կունենա Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ այս հանդիպումից, արդյո՞ք սրանով սահմանի լարվածությունը կթուլանա: Այս և այլ հարցերի հետ կապված զրուցեցինք ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ: Պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցը կբաժանի 2 մասի:
«Առաջինը` սա երկու ռազմավարական գործընկերների առանձին օրակարգ է, որն ունի տնտեսական, ռազմական, մշակութային հարցեր: Օրինակ` ներդրումների հարցը, շուկային հարմարավելու հարցը, ԵՏՄ-ից հետո խոստումներ եղան, որ ներդրումներ կլինեն, լավ կլինի, բայց ոչ մի բան տեղից չշարժվեց: Ինձ թվում է` դա արժե քննարկել և բոլոր խոստումները կատարելու խնդիր դնել: Հայական կողմը պետք է խնդիրներ ու պահանջներ դնի: Գազի գինը, հոսանքի սակագինը, ռուսական ընկերության անվորակ աշխատանքը Հայաստանում, ՀԷՑ-ի աուդիտ էին ասում, թող անեն և մեղավորներին պատժեն: Այս և այլ բոլոր հարցերը»,- մանրամասնեց պատգամավորը:
Ըստ Թ. Պողոսյանի` հարցի երկրորդ կողմը սահմանի լարվածությունն է և ղարաբաղյան հակամարտության լուծումը: «Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը համանախագահող երկրներից է և պարտավոր է ամեն ինչ անել հրադադարի ռեժիմի պահպանման համար: Այդ հարցերը ևս պետք է քննարկվեն հանդիպման ժամանակ: Պետք է Հայաստանի շահերից բխող դիրքորոշում որդեգրել»,- ընդգծեց Թևան Պողոսյանը: