Թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` Մոսկվայի այցից հետո գրում է, թե անհայտ է մնում, թե ինչ ճանապարհով է Ասադի ինքնաթիռը հասել Մոսկվա:
Մասնավորապես կայքը գրում է, որ անհայտ է, թե որ երկրների տարածքն է օգտագործել Ասադը` Մոսկվա հասնելու համար:
Ըստ կայքի` Սիրիայի նախագահի ինքնաթիռը Մոսկվա հասնելու երեք հավանական ճանապարհ ունի:
Ըստ այդմ` ամենահավանական տարբերակն այն է, որ ինքնաթիռն անցել է Իրաքի ու Իրանի օդային տարածքով, ապա՝ Հայաստանի և Վրաստանի վրայով հասել է Ռուսաստան։
Որպես երկրորդ տարբերակ է առաջարկվում Իրաքի, Իրանի ու թյուրքական պետությունների օդային տարածքներով Ռուսաստան մտնելը:
Իսկ ամենաանհավանական տարբերակն այն է, որ ինքնաթիռն անցել է Միջերկրական ծովով, ապա եվրոպական երկրների օդային տարածքով ու Սև ծովով հասել է Ռուսաստան։