ՀՀ-ում հաշվառված է ավելի քան 62.000 շաքարային դիաբետով հիվանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր նշվում է Շաքարային դիաբետի համաշխարհային օրը։ 1922 թվականի հունվարին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը պատմության մեջ առաջին անգամ կատարում է ինսուլինի ներարկում՝ փրկելով դիաբետի ծանր ձևով տառապող 14-ամյա տղայի կյանքը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Բանտինգը ինսուլինի հայտնագործման բոլոր իրավունքները հանձնում է Տորոնտոյի համալսարանին՝ հետագայում ինսուլինի արտադրման իրավունքները փոխանցելով Բժշկական հետազոտությունների Կանադական խորհրդին: 1922-ի տարեվերջին նոր դեղամիջոցը հայտնվում է դեղերի շուկայում:
Գիտնականի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը, Դիաբետի միջազգային դաշնության (International Diabetes Federation) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) կողմից հռչակվում է Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր (World Diabetes Day) և առաջին անգամ նշվում 1991 թվականին:
2007 թվականից Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 14-ին իրականացվող քարոզարշավն ու իրազեկման միջոցառումները նպատակաուղղված են բարձրացնելու բնակչության զգոնությունն ու տեղեկացվածությունը շաքարային դիաբետի և դրա բարդությունների վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է առողջ ապրելակերպի հայեցակարգի նախագիծ, որտեղ մեծ տեղ է հատկացված շաքարային դիաբետի առաջացմանը նպաստող գործոնների կանխմանը, հատկապես ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ավելորդ քաշից ձերբազատմանը և առողջ սննդի օգտագործմանը:
Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են ավելի քան 62000 շաքարային դիաբետով հիվանդ, որից ինսուլինակախյալ են 10984-ը:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներով հստակ ամրագրված է շաքարային դիաբետով հիվանդների վարման կարգը: Վերջին 10 տարվա ընթացքում պետության կողմից մշակվել և իրագործվել են մի շարք բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը վաղ ախտորոշել և կիրառել բուժման ժամանակակից մեթոդներ:
Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր և ազդեցության տարբեր տևողության ինսուլիններ: 
ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող ինսուլինային սրվակների քանակը հաշվառված հիվանդներին հատկացվում է 100 տոկոսով, իսկ հակադիաբետիկ հաբերով ամբողջ ծավալով ապահովման համար ձեռնարկվում են միջոցառումներ:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականից նախատեսում է ներդնել սկրինինգային ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, որի բաղադրիչներից մեկն էլ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է:




Լրահոս