Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը` մարզիկների դոպինգ թեստերի և հնարավոր որակազրկման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ծանրամարտիկ Նորիկ Վարդանյանի` հայտնի ծանրամարտիկ, այժմ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու դոպինգ թեստը դրական է եղել, և նա ժամանակավորապես հեռացվել է բոլոր մրցումներից։

Մասնագետները կասկածում են, որ մարզիկն ընդունել է արգելված դեղամիջոց` դեհիդրոքլորմեթիլտեստիստերոն։

Նշենք, որ  Նորիկ  Վարդանյանը ծնվել է Հայաստանում, մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ և 2008-ին դարձել է այդ երկրի ծանրամարտի չեմպիոն մինչև 94 կգ քաշային կարգում։ 2009 թ. նա վերադարձել է Հայաստան և մասնակցել 2012թ. Լոնդոնի օլիմպիադային ու զբաղեցրել 11-րդ տեղը։

Ավելի վաղ, արգելված խթանիչներ էին հայտնաբերվել նաեւ Հայաստանի հավաքականի անդամներ Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի և Պեկին 2008-ի բրոնզե մեդալակիր Տիգրան Գ. Մարտիրոսյանի մոտ: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման համաձայն՝ Տիգրանը պետք է որքան հնարավոր է շուտ վերադարձնի բրոնզե մեդալը:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցեց  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

-Պարո′ն Ռոստոմյան, արդեն երրորդ դեպքն է, որ հայ ծանրորդները արգելված խթանիչներ են օգտագործում: Կա՞ արդյոք որևէ վերահսկող մարմին, որ հսկում է՝ ինչ քանակությամբ են օգտագործում  այդ խթանիչները:

-Պետք է ասեմ, որ 2012թ. Օլիմպիական խաղերից հետո ՀԱՕԿ-ն նախագահը հրավիրեց մեզ կլոր սեղանի շուրջ, որտեղ ներկայացվեց, որ եթե որևէ մարզիկ օգտագործի այդ խթանիչները, ապա և՛ մարզիկները, և՛ մարզիչները կհեռացվեն: Փառք Աստծո մինչև այսօր նման բան չունենք:

-Պարո′ն Ռոստոմյան, բայց փաստը մնում է այն, որ այսօր  Դուք նման խնդրի առաջ եք կանգնել: Ինչպե՞ս կբացատրեք սա:

-Նորիկը, Հռիփսիմեն և Տիգրանը, մասնավորապես` Հռիփսիմեն և Տիգրանը, բազմաթիվ անալիզներ են հանձնել և՛2009-ին, և՛ 2010-ին: Ընդհանուր առմամբ նրանք մոտ 70-ի կարգի անալիզներ են հանձնել , ընդհուպ մինչև Եվրոպայի առաջնությունը ներառյալ:

-Իսկ հնարավո՞ր է, որ մարզիկները որակազրկվեն: Այդպիսի վտանգ տեսու՞մ եք:

-Նորիկի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, որովհետև նախևառաջ նա ԱՄՆ-ի քաղաքացի է և  վերջին 4 տարին է հանդես է գալիս այդ դրոշի  ներքո: Եվ այդ հարցը մեզ համար  պարզապես անիմաստ է քննարկել, քանի որ նա մեզ հետ որևէ առնչություն չունի: Իսկ Տիգրանի և Հռիփսիմեի մասին կարող եմ ասել , որ Օլիմպիական  խաղերը  առանձնացված գործ է: Եվ հավաքականի մարզիկների շարունակական, բնական գործընթացի վրա, որևէ ազդեցություն չի կարող թողնել: Իսկ մարզիկների որակազրկման համար կարող եմ ասել, որ հոկտեմբերի 17-ին Մալազիայում  տեղի է ունենալու միջազգային ֆեդերացիայի կոնգրես, որտեղ ներկայացված կլինեն մեր ֆեդերացիայից ևս ներկայացուցիչներ և կորոշվի, թե ինչ պատժամիջոցներ են սահմանված մարզիկներին:                                                                                                                                                                                                                                            Լիդա Եղիազարյան




Լրահոս