Moody’s Investors Service միջազգային գործակալությունը վերջերս «Յունիբանկին» շնորհեց դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով դրական: Հատկանշական է, որ բանկի կանխատեսման փոփոխությունը տեղի ունեցավ անգամ առանց երկրի վարկանիշի բարելավման: Ըստ Moody’s-ի, «Յունիբանկի» դրական կանխատեսումը պայմանավորված է վերջին շրջանում բանկի կապիտալի դիրքերի զգալի ամրացմամբ: Վերջին 12 ամսվա ընթացքում «Յունիբանկն» իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում և ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը:
Կապիտալի հետագա համալրման և շուկայում բանկի հետագա առաջխաղացման նպատակով, այս տարվա հոկտեմբերին «Յունիբանկը» նախատեսում է իրականացնել ևս մեկ թողարկում` 4 -4.5 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Հաշվի առնելով հասարակության և ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության և բաժնետոմսերի նկատմամբ, «Յունիբանկը» գտնում է որ, նշված ծավալի տեղաբաշխումը լիովին իրատեսական է:
Moody’s-ի կանխատեսմամբ, 2016թ.-ին «Յունիբանկի» նորմատիվային կապիտալը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի քան 50%-ով:
Բանկի ընդհանուր կապիտալն արդեն գերազանցում է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձևավորմամբ:
Անի Ստեփանյան