«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, անդրադառնալով իր նշանակումից հետո նախարարության աշխատակիցների՝ ռուսերենով խոսելուն, ասաց. «Ասեմ, որ զգում եմ նման բան, եւ ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝ չնայած ԵՏՄ-ին»:
-Պարո՛ն Ալթունյան, սեպտեմբերի 27-ին նշանակվելով ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում՝ կադրային ջարդ եք սկսել: Նախ աշխատանքից ազատեցիք աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանի հետ տհաճ զրույց եք ունեցել, եւ նրա ազատման հարցն է դրված, ինչպես նաեւ լեզու չեք գտնում փոխնախարար Գագիկ Միրիջանյանի հետ: Ի՞նչ է կատարվում:
-Տերմինալոգիան ո՞րն է, կադրային ջարդը ո՞րն է. օրական, կա՛մ ամսական, կա՛մ տարեկան: Եկեք, դրա՛ մասին խոսենք. հետեւյալ դեպքում 7-8 տոկոսի կադրերի հոսելիությունը, դա նորմա է, եթե դրանից անցում լինի, նոր այդ թեմայի մասին կխոսենք: Հիմա` ոչ:
-Դուք ՀՀ վարչապետի տված հանձնարարականների իրականացման նպատակով ստեղծել եք հանձնաժողովներ ՀՀ կառավարության նոր ծրագրերի եւ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Ստացվում է, որ Դուք նախարարության աշխատակիցների աշխատունակությունը ստուգելու նոր մեթոդ եք հնարել: Ինչո՞ւ եք ստեղծել հանձնաժողով, եթե արդեն իսկ կար աշխատակազմ:
-Դե, գաղտնիք չէ, որ մինչեւ օրս առողջապահության նախարարության եւ համապատասխան տեսչությունների կազմում հիմնականում բժիշկներ էին աշխատում: Իսկ, ահա, հանձնաժողովի ղեկավարները տնտեսագետներ, ֆինանսիստներ են, որոնք մի քիչ կոչված են թարմ աչքով նայելու բոլոր հարցերին:
-Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում հանձնաժողովները հիմնականում ստեղծվում են այն նպատակով, որ «պրոբլեմը թաղվի»: Տարբեր ԲԿ-ներում բազմաթիվ մահվան դեպքեր եղան, հանձնաժողովներ ստեղծվեցին, բայց այդպես էլ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, մենք նմանատիպ բազմաթիվ փորձեր ենք ունեցել…
-Արդյունավետության համար պատասխանատուն միայն ես եմ: Այնպես որ, հանձնաժողովի արդյունավետության հետ Դուք գործ չունեք: Դուք ինձանից եք պահանջում աշխատանք:
-Վստա՞հ եք, որ պրոբլեմները չեն թաղվի:
-Կրկնում եմ` առողջապահության ոլորտի աշխատանքի համար անձամբ ես եմ պատասխանատու, իսկ հանձնաժողով ստեղծվում է, թե ոչ, Ձեր հոգսը չէ:
-Իսկ այդ հանձնաժողովը պետակա՞ն միջոցներով է գործելու, թե՞ Ձեր անձնական միջոցներով եք վճարելու դրա անդամներին:
-Հանձնաժողովը աշխատելու է հասարակական հիմունքներով:
-Ստացվում է, որ բոլորն առանց վճարվելու, ստուգելու՝ վերահսկելու են նախարարության աշխատակիցների գործունեությո՞ւնը:
-Հանձնաժողովի աշխատակիցները լրացուցիչ չեն վճարվելու: Եթե նոր ներգրավված աշխատակիցներ դրսից լինեն, նրանք կստանան իրենց աշխատանքի վայրում իրենց գումարը: Ոչ մի լրացուցիչ կոպեկ պետական միջոցներից չի վճարվի:
-Այսինքն՝ դրսից ներգրավված աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար Ձեր սեփական միջոցներո՞վ եք վճարելու:
-Այո՛:
-Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ձեր միլիոնատեր լինելու փաստին, ասել էիք, թե ցանկացած մոսկվացի, եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա, եւ, առհասարակ, նշել էիք, թե կարող եք բժշկին հարցնել՝ հնարավո՞ր է արդյոք բժշկությամբ զբաղվելով` միլիոնատեր դառնալ: Հաշվի առնելով, որ հանձնաժողովում դրսից ներգրավված աշխատակիցներին Ձեր միջոցներով եք վճարելու՝ կարո՞ղ է Ձեր Մոսկվայի բնակարանն եք վաճառել եւ որոշել եք գումարն այս նպատակին ծառայեցնել:
-Հասարակական հիմունքներով՝ նշանակում է անվճար, իսկ, առհասարակ, Երեւանում շատ եւ շատ լավ մարդիկ կան, որոնց հիմնական մասը իմ ընկերներն են, այնպես որ, ինձ օգնում են:
-Ի դեպ, ինչ Դուք նշանակվել եք նախարարի պաշտոնում, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները միմյանց հետ ռուսերեն են խոսում:
-Ասեմ, որ զգում եմ նման բան, եւ ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ, չնայած ԵՏՄ-ին (ծիծաղում է. Ք.Մ):
-Եթե Դուք հայերենի հարցում դժվարություն ունեք, մի բան է: Մեկ այլ բան է այն, թե ինչու են Ձեր աշխատակիցները ռուսերենի անցել…
-Աշխատակիցների առումով կասեմ, որ խնդրել եմ, որպեսզի իրենք ինձ ուղղեն անկաշկանդ, առանց ամաչելու:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ
«Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը վերջին շրջանում ակտիվություն չի դրսեւորում. կարծես նրանց մոտ եւս մարել է պայքարի ոգին: Չնայած խորհրդի անդամների վստահեցումներին, որ իրենք հաստատակամ են լինելու իրենց պայքարում, առայժմ դրա դրսեւորումներին հանրությունն ականատես չի լինում: Եթե նախկինում ամեն օր հանրահավաքներ էին հրավիրվում, որոնք հետո փոխարինվեցին յուրաքանչյուր ուրբաթ օրը կազմակերպվող հավաքներով, ապա վերջին շրջանում նաեւ ամենշաբաթյա այդ հանրահավաքներն են դադարեցվել: Հիշեցնենք, որ խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մոտ երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ շուտով լինելու են հստակ քայլեր, սակայն առայժմ դրանց շուրջ տեսանելի գործընթացներ չկան: «Ժողովուրդ»-ը այս անորոշ իրավիճակի եւ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի ճակատագրի մասին զրուցել է խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:
-Պարո՛ն Ենիգոմշյան, վերջին շրջանում «Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդը որեւէ ակտիվություն չի ցուցաբերում, անգամ տեղի չեն ունենում ամեն ուրբաթ անցկացվող հանրահավաքները: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ոչ մի առանձնահատուկ, էկզոտիկ բան չկա:
-Բայց ինչո՞ւ առանց պատճառի, առանց որեւէ հայտարարության Դուք դադարեցրիք հանրահավաքներ իրականացնել:
-Ինչ-որ լինում է, միանգամից է, չէ՞, լինում. Սեւակն է ասել:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր խորհուրդը խնդիրների է բախվել:
-Խնդիր չկա, ոչ մի արտառոց բան պետք չէ ման գալ: Դա շատ երկար չի տեւի. հստակեցումներ կլինեն:
-Անգամ լուրեր շրջանառվեցին, որ խորհուրդը լուծարվելու է…
-Նման բան չկա: Մամուլում նման բան շրջանառվեց, բայց չկա նման բան:
-Իսկ խորհուրդի անդամներով հանդիպումներ, քննարկումներ լինո՞ւմ են:
-Իհարկե, իհարկե լինում են:
-Մոտ երկու շաբաթ առաջ Դուք մեզ հետ զրույցում հավաստիացրեցիք, որ կարճ առաջիկայում կլինեն հստակ, տեսանելի քայլեր: Ինչո՞ւ են այդ քայլերը հապաղում:
-Կարող է, ուշանում է, իհարկե, լռությունը նշանակում է, որ չկան այդ քայլերը, բայց ժամանակի խնդիր է: Ես ավելին ասելու հիմա պատրաստ չեմ, բայց ոչ մի խնդիր չկա:
-Իսկ գոնե կարո՞ղ եք հիմա հստակ ասել, թե երբ կտեսնենք ձեր կողմից իրականցվող կոնկրետ գործողություններ:
-Երբ որ տեսնեք: Հստակեցում կլինի՝ ես ասում եմ:
-Այն ժամանակ էլ էիք այդպես ասում…
-Կլինի, կլինի… ուղղակի այս պահին ոչ մի բան չունեմ ասելու:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈԼԸ
Շուտով Երեւանում կբացվի նոր լայնաֆորմատ տոնավաճառ, որը գտնվելու է մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ: Նորակառույց մոլը պատկանում է «Սիլ կոնցեռն»-ին: Կոնցեռնի համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը հաճախ է այցելում տոնավաճառի տարածք եւ անձամբ հետեւում աշխատանքների ընթացքին: «Սիլ կոնցեռն»-ի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, առեւտրի կենտրոնը «Սիլ» գրուպինն է»: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 5-ին էլ «Զորավար Անդրանիկ» կայարանի հարեւանությամբ բացվեց «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնը, որը եւս պատկանում է «Սիլ կոնցեռնին»: Հավելենք, որ նորաբաց մոլը նպատակ ունի «Սուրմալու», «Փեթակ» առեւտրի կենտրոնների աշխատակից-վաճառականներին տանել նոր առեւտրի կենտրոն` ավելի հարմարավետ պայմաններով: Իսկ թե ինչպիսին կլինեն տաղավարների սակագները, դեռ վաղ է ասել:
ՓՈՂ ՏՈՒՐ, ՎՆԱՍԻ
Հայաստանի ազգային պատկերասրահ այցելած մի շարք քաղաքացիներ «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ արտասովոր եւ անտրամաբանական երեւույթի են բախվել: Պարզվում է՝ պատկերասրահում լուսանկարչական ապարատով նկարահանում իրականացնելու համար այցելուները պետք է հազար դրամ վճարեն: Իսկ պատճառը, ինչպես արվեստը գնահատողներին պարզաբանել են ՀՀ մշակույթի նախարարության` պատկերասրահում շրջող աշխատակիցները, ցուցադրության դրված գործերը լուսային սարքերից անդրադարձող ճառագայթներից չվնասվելն է: Այցելուների մոտ հարց է առաջացել` մի՞թե հազար դրամ վճարելու դեպքում այդ վնասը թանկարժեք աշխատանքներին չի հասցվելու: Այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ մշակույթի նախարարությանը: Մեր հարցին ի պատասխան` նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից նշեցին, որ դեռեւս 2009թ. նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ընդունվել է N458 Ա հրամանը, որի 4-րդ կետի համաձայն` մշտական ցուցադրության սիրողական լուսանկարման եւ տեսագրման թույլտվության տոմսի արժեքը սահմանվել է հազար դրամ:
ՆԱ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ ժամանել է Երեւան: Ըստ Սարգսյանի` նա եկել է հոկտեմբերի 13-ից 16-ը կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին մասնակցելու:
ԱՆՁԱՄԲ Է ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո Հայաստանի կառավարման համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համար Սերժ Սարգսյանն անձամբ է «զոհերին» պարզաբանում տեղի ունեցածը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բոլոր պաշտոնանկ արվածներին Ս. Սարգսյանը հրավիրում է իր մոտ եւ պարզաբանում որոշման պատճառները, ինչպես նաեւ նրանց սպասվող ապագայի իր տեսլականը` հորդորելով չնեղսրտել: