«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Շահմուրադյանը մինչ ՀՅԴ-ի ցուցակի հրապարակելը, «Իրավունք»-ին ասել էր, որ չի ցանկանում օրենսդիր գործունեությամբ զբաղվել, քանի որ «գործերը շատացել են, եղբայրը չի կարողանա հասցնել ամեն ինչ»։ ՀՅԴ-ի ցուցակը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ ցուցակի վերջին համարը Շահմուրադյանն է։
«Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ կուսակցությունը նրան հետաքրքիր առաջարկ է արել, որից օրենսդիր մարմնի անդամը չի հրաժարվել։ Մասնավորապես՝ առաջարկել են հյուպատոսի աշխատանք։ Թե որ երկրում, առայժմ պարզ չէ։
Թերթի հարցին՝ ինչպես է համատեղելու դիվանագիտական ոլորտի աշխատանքը բիզնեսի հետ, արդյոք եղբայրը՝ Աշոտ Շահմուրադյանը, կհասցնի միայնակ գլուխ հանել գործերից, պատգամավորն ասել է. «Մեր ընկերությունում հայտնի է գործադիր տնօրենի նոր թեկնածու, որի հետ մեծ հույսեր ենք կապում։ Եթե փորձաշրջանը լավ անցնի, արդարացնի մեր ակնկալիքները, ուրեմն կստանձնեմ իմ պարտականությունները։ Իսկ եթե ոչ, կշարունակեմ իմ աշխատանքը»։
Թերթը հիշեցրել է, որ պատգամավորը «Կարկոմավտո» ՍՊԸ-ի տնօրենն է և ԱԺ-ում հայտնվել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարար դառնալուց հետո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: