Մարտի 3-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց մարզի իրավապահների աշխատանքը և նշելով դեռևս առկա որոշ թերությունների վերացման ուղիները՝ ընդգծեց ոստիկանության դերը հանրային գիտակցության մեջ օրենքի գերակայության ամրագրման գործում:
Ոստիկանության պետը կարևորեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ հատկապես անչափահասների հետ տարվող աշխատանքներում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանություն-հասարակություն կապի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը որպես հասարակական առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի կայացման գրավական:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մարզի օպերատիվ իրավիճակին ներհատուկ խնդիրներին, դրանց օրինակով վերլուծեց ոստիկանության գործողությունները նաև համապետական ընտրությունների շրջանում և կարգադրեց աշխատել պրոֆեսիոնալ, անաչառ ու թափանցիկ՝ հանուն հասարակական կարգի և փոխհանդուրժողականության ապահովման:
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: