ՄԻՊ-ը կկարողանա՞ պաշտպանել իր իրավունքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանությունների միջեւ լուրջ բախում է հասունանում: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կառավարությունը մտադիր է ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ: Սակայն այդ նոր օմբուդսմենի ինստիտուտին դեմ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քանի որ ստեղծվող կառույցն ունենալու է գրեթե նույն գործառույթները, ինչ գործող օմբուդսմենը, այն տարբերությամբ, որ զբաղվելու է միմիայն գործարարների շահերի պաշտպանությամբ: Թաթոյանն արդեն հասցրել է դեմ արտահայտվել կառավարության այս մտադրությանը` որակելով այն ՀՀ Սահմանադրության խախտում. «Դեմ եմ եւ կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանադրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի»,- դեռ հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՄԻՊ տարեկան հաղորդումը, ասել էր նա: Քանի որ արդեն պատրաստ է օրինագիծը, երեկ «Ժողովուրդ»-ը ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվեց` արդյո՞ք Թաթոյանը շարունակում է դեմ լինել նոր կառույցի ստեղծմանը, եւ մի՞թե սա չի նշանակում օմբուդսմենի դիրքերի թուլացում:

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է պնդել, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Այս նոր կառույցի ստեղծումը առաջ է բերելու երկու մարմինների գործառությունների կրկնություն, ինչը կլինի խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից»,- օմբուդսմենի գրասենյակից փոխանցեցին Թաթոյանի պատասխանը: Ու հիմա հետաքրքիր է` արդյո՞ք Արման Թաթոյանը թեկուզ «ամենավատ կադր» կոչվելու գնով կշարունակի պայքարել նոր օմբուդսմենի ինստիտուտի դեմ հենց իր իրավունքների պաշտպանության համար, թե մի քանի հրապարակային հայտարարություն հնչեցնելուց հետո կհամակերպվի իր կողքին եւս մեկ օմբուդսմենի գոյությանը` վերջնականապես ընդունելով «մարդու իրավունքների կիսապաշտպան» որակումը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս