Այսօր կառավարության նիստում արգելք սահմանվեց այս տարվա ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծման և շահագործման վերաբերյալ: «Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա»,- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Կառավարության նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե արդյոք տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջակողմյան կառավարման մեքենա, որևէ սահմանափակման չի՞ ենթարկվում, կարո՞ղ է թե՛ օտարել և թե՛ շահագործել իր աջակողմյան մեքենան:
«Այո, կարող են ցանկացած գործողություն անել: Մինչև ապրիլի 1-ը ՀՀ մտած և հաշվառված մեքենաների վրա որևէ սահմանափակում չի լինելու»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:
Վ. Մարտիրոսյանի խոսքով` աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն ավելի է, քան ձախակողմյանը: «Ժողովրդի մասին մտածելով` մենք գնացել ենք դրան», – նշեց նա: