Թատրոնի նկատմամբ պետական մակարդակով անտարբեր վերաբերմունք կա, փող չի հատկացվում. Սամվել Թոփալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սամվել Թոփալյանը նկարահանվել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր` «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը` դերասանը. «Նկարահանման պրոցեսն ինձ համար շատ հետաքրքիր է եղել: Իմ կերպարում առկա են նաեւ հումորային տարրեր: Խաղում եմ ժամանակակից մարդու` իր ձգտումներով, մարդկային եւ ոչ մարդկային քայլերով: Սա Մհեր Մկրտչյանի հետ իմ երրորդ համագործակցությունն է (մինչ այդ խաղացել եմ նրա «Կյանք ու կռիվ 2» եւ «Հոսանքին հակառակ» ֆիլմերում): Ֆիլմը դեռ մոնտաժային փուլում է»,-մանրամասնեց Սամվելը:

Հարցին, թե արդյո՞ք հեռուստադիտողներից շատերի կողմից սիրված «Հոսանքին հակառակ» ֆիլմը կունենա շարունակություն, Սամվելը պատասխանեց. «Չեմ կարծում»:

Մենք հետաքրքրվեցինք` զարգացման տեմպը, որ բռնել է հայ կինոարտադրությունը, արդյո՞ք բավարարում է դերասանին. «Շատ ֆիլմեր են նկարվում, որոնց մասին մենք նույնիսկ տեղյակ էլ չենք, չգիտենք` ինչ որակ ունեն, ինչի մասին են: Բայց, առհասարակ, ես նկատել եմ, որ մեր ֆիլմերին պակասում է մարդը: Խոսում են ամեն ինչի մասին` մոռանալով, որ արդյունքում կորչում է մարդը:

Բայց հիշենք, որ մենք ունեցել ենք մարդու մասին հրաշալի ֆիլմեր, վառ օրինակ է «Մենք ենք, մեր սարերը»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Սամվելը նաեւ տեղեկացրեց, որ խաղում է երկու նոր ներկայացումներում: «Գոյ» թատրոնում բեմադրվել է «Քարանձավի մարդիկ» անունը կրող ներկայացում, որտեղ դերասանը մարմնավորում է հոր կերպարը, իսկ Մալյան թատրոնում բեմադրվել է «Անունը» ներկայացումը, որտեղ Սամվելը խաղում է Կլոդ:

«Նմանատիպ դերեր երբեւէ չէի խաղացել, ինքս ինձ բացահայտեցի նոր տեսանկյունից, մնացածի վերաբերյալ արդեն հանդիսատեսը պետք է դատողություններ անի»,-նկատեց դերասանը:

Արդեն 11 տարի է, ինչ Սամվելը խաղում է թատրոնում: Մենք հարցրինք` տեսնո՞ւմ է, արդյո՞ք. առաջընթաց, որն ակնկալել էր տասը տարի առաջ. «Իմ բախտը բերել է, որ աշխատում եմ տեսակ ունեցող երկու թատրոններում: Ուրախ եմ, որ տարեցտարի ստեղծագործական պրոցեսն ավելի հետաքրքիր է դառնում: Այսօր, կարծում եմ, հայ թատրոնի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը կապված է պետական մակարդակով անտարբեր վերաբերմունքի հետ: Պետությունը թատրոնին, մշակույթին ուղղակի փող չի հատկացնում»-շեշտեց դերասանը:

Իսկ դիտարկմանը, թե մշակույթի նախարարությունը երբեմն հովանավորում է ներկայացումները, Սամվելը պատասխանեց. «Դա նորմալ պրոցես է, նույնն է, թե ոգեւորվենք այն բանից, որ երթուղայինի վարորդը նորմալ վարել գիտի»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը շեշտեց, որ չի ֆիքսվում նման հարցերի վրա, այլ պարզապես իր գործն է անում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս