«ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԼԻՆԵՄ, ՈՐ ԻՆՁ ԲՆԱԿԱՐԱ՞Ն ՏԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

-Պարո՛ն Ամիրխանյան, հայ երգի դիմագիծն այսօր ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ:
-Յուրաքանչյուրն իր սիրելի մեղեդու ճանապարհով է գնում, բայց պետք է հասկանանք, որ կան բաներ, որոնք հատուկ են տվյալ ժողովրդի պատմությանը, իր իդենտիկ վիճակին: Այդ բնորոշիչներն այսօր ընդհանուր զամբյուղից դուրս են մղվել: Փողը դարձել է նպատակ, շահը՝ թելադրող: Այս պայմաններում մեր երգի մեջ ավելացել է շուկայական գործոնը, սողոսկել է մահմեդականը եւ ամենինչականը, բացի հայկականից: Իհարկե, կան առանձին խմբեր, որոնք պահպանում են հայոց երգը, բայց մարդկանցից շատերը կորցրել են զգոնությունն ու գտնվում են արբունքի մեջ: Ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, ճապոնացին անընդհատ կլսի ամերիկյան երաժշտություն. դա կնշանակի, որ Ճապոնիան վերանում է: Իհարկե, օտար երաժշտությունը պետք է հնչի, բայց չպետք է դառնա դոմինանտ: Մենք մեր կյանքում կարծես ամեն քայլափոխի ժամանցային խնդիր ենք լուծում, բայց դա մի օր շատ փիս ապտակելու է մեզ: Վերջերս համերգ ունեցա Միացյալ Նահանգներում, 100 տեղանոց դահլիճում մի երիտասարդ չկար: Հաճախ լսում եմ նաեւ, որ կոնսերվատորիայի ուսանողությունը անտարբեր է դասախոսի խոսքի նկատմամբ: Մի տեսակ ինդիֆերենտ վիճակ է ստեղծվել: Սրա մասին պետք է մտորել: Մենք պատմականորեն տրված մենքի զգացողությունից գնում ենք դեպի մեր եսը: Սա մենակացած մարդու կացություն է:
-Այսօր մեր էստրադային երգիչներն ի՞նչ ուղով են գնում:
-Նրանք գնում են կրկնողության ճանապարհով՝ ինքնահաստատման ձեւերը փնտրելով պոպուլիզմի մեջ: Բայց ես կուզենայի, որ նրանք աշխատեին իրենց անհատականությանը բնորոշ մեղեդային կամ ժանրային առանձնահատկությունների վրա: Վերջերս իմ նախաձեռնությամբ Երեւան եկավ գերմանուհի մի ուսուցիչ, լսեց կոնսերվատորիայի սաների երգեցողությունն ու ասաց, որ իր Գերմանիան այսօր այդպիսի երգիչներ չունի: Նա այդ ֆենոմենը բացատրեց մեր լեզվական առանձնահատկությամբ, մշակութային ավանդույթներով, որոնք մեր մեջ նստած են, եւ մարմնի կառուցվածքով: Բայց բանն այն է, որ շուկան չի օգնում, որպեսզի նրանք բացվեն իրենց տիպոլոգիական հատկանիշներով: Շուկան ուզում է ժամանցի համար սուրոգատներ պատրաստել: Բայց այդ անհոգությունը մեզ վրա թանկ է նստելու:
-Պարո՛ն Ամիրխանյան, ըստ Ձեզ` այսօր մենք մտավորական խավ ունե՞նք:
-Այո՛, իհարկե, խավը կա, բայց այդ մտավորականները կենտրոնաձիգ շարժման մեջ չեն իրար հետ: Մտավորական խավը չի կարող սպառվել, քանի որ հոգեւորի զգացողությունը մեր արյան մեջ է նստած:
-Ձեզ հաճախ մեղադրում են իշխանամետ լինելու մեջ: Շատերն ասում են. «Մի օր չտեսանք՝ Ռոբերտ Ամիրխանյանը քննադատի իշխանություններին: Իշխանությունները ոչ մի սխալ չեն անո՞ւմ»: Ի՞նչ կասեք:
-Ես հավատացյալ մարդ եմ եւ միշտ սպասում եմ մարդուց, որ նա ինչ-որ բան անի: Ես լարից ընկած գործիքի վրա էլ կնվագեմ, բայց չեմ կարծում, որ որեւէ ղեկավար նման լինի երաժիշտի, որն ուզում է վատ երաժշտություն նվագել: Չկա նման բան: Յուրաքանչյուր ղեկավար պատմության մեջ մնալու խնդիր ունի, նա դրա համար պետք է կարողանա պոզիտիվ երեւույթներ իրագործել: Ես շատ կուզեի, որ իմ համերգի ժամանակ դահլիճում բոլորը լռեին, բայց միշտ չի հաջողվում դա. ստիպված եմ լինում զգուշացնել: Իսկ երկրի ղեկավարին լսո՞ւմ են: Ինչքան կորուստներ ունենք աջ ու ձախ: Հյուսիս-հարավ ճանապարհի փողն ի՞նչ եղավ, եւ դրա նման շատ ուրիշ բաներ, ղեկավա՞րն արեց: Մենք բոլորս միասին ենք ամեն ինչ անում. միասին ենք նվագում այն կենարար նվագը, որը մեզ կյանք է տալիս, եւ միասին ենք քանդում այն, ինչ պատմական բարձրագույն արժեք ունի: Իսկ իշխանամետ լինելը անհասկանալի է, թե ինչ պետք է տա ինձ, եթե ես իմ գործն անում եմ շատ հեշտությամբ, բայց կյանքում իմ երաժշտությամբ փող չեմ աշխատել: Ինչո՞ւ պետք է իշխանամետ լինեմ, որ ինձ բնակարա՞ն տան. կարիք չունեմ: Ես համարում եմ, որ իմ նվիրումը երազի մեջ արթնանալն ու մեղեդի գրելն է: Վերջ: Դրա համար լինեմ որեւէ մեկի կո՞ղքը: Ծիծաղս գալիս է:
-Դուք հեղափոխություններին կո՞ղմ եք, թե՞ դեմ:
-Ամենավտանգավոր բանն է հեղափոխություն անելը: Նկուղում հեղափոխություն չեն անում, հարկավոր է լուսավորել այն, չորացնել, մաքրել: Հեղափոխությունը լավագույն միջոցը չէ: Հեղափոխություն անել՝ կնշանակի թռիչքով ինչ-որ տեղ հասնել, բայց թռիչքի ժամանակ անցնում ես պատմական էվոլյուցիայի մի մեծ շրջանի վրայով, հետո հետ ես նայում, տեսնում ես, որ սխալ տեղում ես գտնվում: Տեսեք՝ միտինգներից հետո ինչեր են տեղի ունենում փողոցներում. մնում է ավեր: Ես հավատում եմ բանական, թեւերը վեր բարձրացրած եւ ժպտացող մարդուն:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ՇՇՄԵԼՈՒ ԳՐԱԳԵՏ ԵՆ»

Արդեն մի քանի օր է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջնորդում է ցույց՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ամերիկաբնակ երգահան Արմեն Մովսիսյանի հետ:

Մենք նախ հետաքրքրվեցինք՝ Միացյալ Նահանգների հայ հասարակության այն հատվածը, որի հետ առնչվում է մեր զրուցակիցը, որքանո՞վ է տեղյակ մեր երկրի ներքաղաքական իրավիճակից եւ ինչպես է արձագանքում դրան. «Սրտացավ տեսակ կա, որին շատ հուզում են հայրենիքի դեպքերը: Իսկ ընդհանուր առմամբ, ցավոք, ինֆորմացիայի պակասն իր բացասական ազդեցությունը թողնում է մեծամասնության վրա»,-ասաց երգահանը:
Հարցին, թե սփյուռքն ինչ դեր կարող է ունենալ տվյալ իրավիճակում, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Սփյուռքի անելիքն այս պահին միայն բարոյական աջակցությունն է: Չեմ կարծում, որ նա կարող է ունենալ գործնական որեւէ լծակ՝ այս պահի դեպքերի վրա ազդելու համար»:
Հարցրինք նաեւ, թե ըստ երգահանի՝ այս շարժումը որ դեպքում կարող է հաջողություններ գրանցել. «Հաջող արդյունք կարող ենք ունենալ միասնական լինելու դեպքում եւ այն մտայնությամբ, որ տիրող ռեժիմը չարիք է»,-տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի կիրառած քաղաքական տեխնոլոգիաները բավական գրագետ են. «Նրա քայլերը շշմելու գրագետ են: Ամենազարգացած եվրոպական երկրները կնախանձեին, իսկ ահա մեր ոստիկանության գործողությունները սովորականի պես անհամաչափ են»,-շեշտեց երգահանը:
«Մտավորականությանը կոչ ունե՞ք անելու»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան` Արմեն Մովսիսյանը եզրափակեց. «Մտավորականությանը՝ ոչ, քաղաքացուն՝ այո: Միասին մենք ուժ ենք»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԷԼ ՉԻ ՑԱՎՈՒՄ
«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Նեյմարը պատմել է, թե ինչպես է ընթանում վնասվածքից վերականգնվելու պրոցեսը: «Բուժումը կշարունակվի եւս մեկ ամիս, բայց ամեն բան նորմալ է: Ես ցավեր չեմ զգում եւ կամաց-կամաց սկսում եմ քայլել: Հանգիստ քայլել չեմ կարողանում, միայն հատուկ կոշիկով եմ զբոսնում: Բայց անհանգստանալ պետք չէ, բուժումը գնում է ըստ պլանի: Ես մարզվում եմ մարզասրահում եւ շատ լավ եմ պատրաստվում վերադարձիս»,- ասել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ այս մրցաշրջանում Նեյմարը «ՊՍԺ»-ի կազմում խփել է 19 գնդակ եւ կատարել 13 գոլային փոխանցում: Բրազիլացին վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին «Մարսելի» դեմ խաղում:

 

 

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ
«Բարսելոնա»-ի դարպասապահ Յասպեր Սիլեսենը, հնարավոր է, լքի կատալոնական ակումբը: 28-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ը, «Աթլետիկոն» եւ «Նապոլ»-ը:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ հոլանդացուն ցանկանում է ձեռք բերել նաեւ «Բավարիա»-ն: Սիլեսենը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Այաքս»-ից 2016թ. օգոստոսին` 13 մլն եվրոյի դիմաց: Դարպասապահի հրաժարագինը պայմանագրով 60 մլն եվրո է: Դարպասապահն ակումբի հետ պայմանագիր ունի մինչեւ 2021 թվականը: Այս մրցաշրջանում Սիլեսենը անցկացրել է ընդամենը 9 հանդիպում, որից 8-ը Իսպանիայի գավաթում, 1-ը Չեմպիոնների լիգայում:

 

 

ԵՐԿԱՐ ԿՄՆԱ
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն, ով վերջին շրջանում խաղային պրակտիկայի պակաս ունի «Բարսելոնա»-ում, մեկնաբանել է իր հնարավոր տեղափոխությունը այլ ակումբ:
«Չեմ պատրաստվում գնալ ոչ մի տեղ ընդամենը մեկ խաղաշրջան հետո: Ես 5 տարվա գործող պայմանագիր ունեմ «Բարսելոնա»-ի հետ: Ես պատրաստվում եմ երկար մնալ: Եթե գա Գրիզմանը, ապա մեծ մրցակցություն կլինի մեկնարկային կազմում տեղի համար, բայց սա Բարսան է, այստեղ պետք է պայքարես խաղալու համար: Շատ ուրախ եմ, որ Կոուտինյոն միացել է մեզ»,- ասել է Դեմբելեն:




Լրահոս