ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին: «Ժողովուրդ» օրաթերթին կեղծ թղթադրամների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գործով անցնող անձանցից մեկին մեկ տարի առաջ պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը:

Նախ` պաշտոնապես. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների եւ քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը` իրացման պահին, իսկ մնացած մասը` պատրաստման փուլում, ինչպես նաեւ դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները, օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում եւ ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ եւ այլ պարագաներ:
Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաեւ շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված եւ փաթեթավորված է եղել. հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար:
Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, որոնց եւ ձերբակալել են: Նախաքննությունը շարունակվում է:
Այս գործի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթին բավական ուշագրավ մանրամասներ են ի հայտ դարձել: Մասնավորապես, իրավապահները այս գործի բացահայտման հետքի վրա դուրս են եկել, երբ նկատել են, որ բոլոր թղթադրամներն ունեն նույն սերիան: Դա կասկածներ է հարուցել, եւ ԱԱԾ-ականները սկսել են այդ ուղղությամբ հետաքրքրվել: Արդյունքում էլ բացահայտվել է այս դեպքը:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով ձերբակալված անձանցից մեկը բավական մեծ պարտքեր է ունեցել: Ավելին, մեկ տարի առաջ գործով ձերբակալված անձանցից մեկին մեկ տարի առաջ պարտքատերերը առեւանգել են եւ պահանջել վերադարձնել իրենց գումարները: Բայց տեղի է ունեցել անկանխատեսելին. առեւանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, որը այժմ իրավապահների կողմից ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու մեղադրանքով հետախուզման մեջ է: Ի դեպ, վերոնշյալ անձին ձերբակալելուց հետո իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել, ինչը հարցականներ է առաջ քաշում:
Բացի այդ, այս գործով կալանավորված անձանցից մեկն էլ հայտնել է, որ նա կեղծ թղթադրամների հետ կապ չունի, պարզապես այդ օրը եղել է մեքենայի մեջ: Իսկ թե ինչքանով է վերջինիս ցուցմունքը արժանահավատ, կպարզի քննությունը: Նրա նկատմամբ եւս խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Դատելով իրավիճակից` միգուցե ԱԱԾ կանգնի մի հետքի վրա, որ կեղծ թղթադրամներ պատրաստող անձանց թիկունքում ազդեցիկ մարդիկ են կանգնած. սպասենք քննության արդյունքներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՏՂԱՅԱԿԱՆՈՎ ՎՐԵԺԽՆԴԻՐ
Գորիսում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի ավագանու անդամներից Լյովա Արզանյանը մահակով ներխուժել է Խնձորեսկի համայնքապետարան վենդետա իրականացնելու այնտեղ գտնվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ:
Գրել էինք, որ հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ էր արել, որից հետո քաղաքապետ Առուշանյանը ավագանու անդամների առաջ ծեծի էր ենթարկել ավագանու անդամ Արզանյանին:
Ոստիկանությունում սկսված հետաքննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցվեց: Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո կրքերը պետք է հանդարտվեին, սակայն «կռիվ կինոն» դեռ նոր է սկսում: Գորիսեցի ավագանին որոշել է հարցերը լուծել «տղայական կերպով»:
Այսպիսով` նոյեմբերի 25-ին ԱԺ խորհրդարանական ընտրություններում ընտրողների հետ հանդիպման նպատակով Խնձորեսկ խոշորացված համայնք է այցելել քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Վերջինս մինչ համայնքապետարանում սպասել է, թե երբ պետք է ընտրողները հավաքվեն, եւ նա գնա նրանց հետ հանդիպման, տեղի է ունեցել անսպասելին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ավագանու անդամ Լյովա Արզանյանը իր մտերիմներից ոմն Աշոտի հետ, ինչպես նաեւ այլ անձանց հետ մահակներով ներխուժել է Խնձորեսկի համայնքապետարան եւ փորձել հաշվեհարդար տեսնել քաղաքապետ Առուշանյանի հետ: Իրավիճակը տեսնելով` միջամտել է համայնքի բնակիչներից Նվեր անունով անձնավորություն: Սակայն ըստ ներկաների` նրա գլխին հարվածել են, եւ նա բավականին լուրջ վնասվածք է ստացել: Ըստ համայնքում տարածված լուրերի` «դուբինկաներով» համայնքապետարան ներխուժած անձինք ամբողջությամբ ջարդ ու փշուր են արել այնտեղ առկա ողջ գույքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար զրուցեց քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ. «Ես հիմա քարոզարշավի եմ: Նման դեպք չի եղել, որ որեւիցե մարդ վնասվածք ստանա: Ավագանու անդամին ես ծեծի չեմ ենթարկել: Երեկ եղել ենք շատ գյուղերում, եւ ժողովրդի կողմից շատ ջերմ ընդունելություն է եղել»:
Դատելով դեպքերի այսպիսի ընթացքից` սխալված չենք լինի նշել, որ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահների վրա: Եթե իրավապահներն ընթացք տային այս գործին, չէինք ունենա այն, ինչ ունենք, երբ ավագանու անդամը սեփական ուժերով է փորձել հաշվեհարդար տեսնել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԻՄԱ ԷԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որ մեղադրվում էր ապօրինի հարստացման մեջ, հիմա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի եւս մեկ հոդվածով` փողերի լվացում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ: Վ. Ղազարյանն ու կինը` Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչեւ 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը: Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների (գույքի) հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում եւ հաշվեգրվող տոկոսագումարների ձեւով ստացել եկամուտներ, ինչպես նաեւ նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության եւ եկամուտներ ստացել:

 

 

ՀԱՐՄԱՐ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ
Երեկ տեղի է ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Անդրադառնալով օրակարգային թեմաներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսել: Հայկ Մարությանը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ եւս, եւ այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու:
«Սա մեր քաղաքականությունն է: Երեւանը բացի նրանից, որ պետք է լինի հարմար, պետք է լինի նաեւ գեղեցիկ: Մենք ուզում ենք զարգացնենք տուրիզմը՝ մոռանալով քաղաքի արտաքին տեսքի մասին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր քաղաքի արտաքին տեսքին, եւ եթե կլինեն անհատներ եւ կազմակերպություններ, որոնք կփորձեն մեզ խանգարել, մենք կդիմենք կոնկրետ գործողությունների: Այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու»,-նշել է Հայկ Մարությանը: Տեղեկանալով, որ մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում սահմանված ժամկետում չի իրականացվել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագիրը, Հայկ Մարությանը հայտարարել է. «Այսուհետ այն ընկերությունները, որոնք համագործակցում են Երեւանի քաղաքապետարանի հետ եւ թույլ են տալիս նման թերացումներ, հայտնվելու են սեւ ցուցակում եւ այլեւս մեզ հետ չեն աշխատելու: Քաղաքապետարանի հետ աշխատելու են միայն այն ընկերությունները, որոնք կարող են պատշաճ որակով կատարել իրենց աշխատանքները»:

 

 

ՌԵՍՏՈՐԱՆԱԲՈՅԿՈՏ
Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները` ի նշան բողոքի: Նրանք նշում են, որ տեւական ժամանակ է, ինչ նամակներ են գրում վարչապետին, ՊԵԿ-ին, հայտարարություններ տարածում` դժգոհելով նոր հարկատեսակներից, որոնք դժվարությունների առաջ են կանգնեցրել նրանց` ազդելով գների բարձրացման վրա: Միության հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ռեստորանների միության նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը:




Լրահոս