ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի խորությամբ պետք է ընկալեն և ընդունեն առկա իրադրությունը․ Վահե էնֆիաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունը լինելով` ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, իր կարգավիճակը կերտել է ազատ և անկախ պետականության ստեղծմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

«Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը, չի կարող ընդունելի լինել, առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի։ Ինստիտուցիոնալ առումով, Արցախի Հանրապետությունը իր կարգավիճակով միջազգային հարթակում հանդես է գալիս իրավական բոլոր նորմերին համապատասխան։ Օրեր առաջ տեղի ունեցած վերջին ընտրություններն Արցախում, դրա վառ դրսևորումն է, այն ցույց տվեց և աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի Հանրապետությունում կարող են տեղի ունենալ միջազգային ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ», գրել է Վահե Էնֆիաջյանը եւ ընդգծել, որ միջազգային հանրությանն Արցախյան հակամարտությունը չպետք է ճանաչելի լինի որպես ընդամենը տարածքային վեճ։

«Այսօր, եթե կան խնդիրներ արտաքին վեկտորում, պետք է տրվեն նաև համապատասխան բացատրություններ, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ավելի խորությամբ պետք է ընկալեն և ընդունեն առկա իրադրությունը. Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման հարցը` միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը, պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։

Սկզբունք, որը Արցախի ժողովուրդը վաստակել է իր երկարամյա բազմաչարչար պայքարի արդյունքում և շնորհիվ իր անկոտրում կամքի` հանուն ազատության ու անկախության, հանուն ազգային ինքնության պահպանման ու զարգացման», նշել է Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։




Լրահոս