Ազատամարտիկները կմասնակցե՞ն «եռյակ»-ի երթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը կանցկացնի իր ավանդական երթը, որին այս անգամ կմասնակցեն նաև «Եռյակ»-ի մյուս ուժեր կազմող «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները: Նախատեսվում է, որ երթին կմասնակցեն նաև ազատամարտիկներ:

Ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը  Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնակցելու է դեկտեմբերի 10-ի երթին:

Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) այն արտահայտությանը, թե հայ ազգը միշտ սովոր է ուրիշի լծի տակ լինել, հիմա էլ թող ռուսների լծի տակ լինի:

«Լավ չեմ վերաբերվում այսպիսի արտահայտություններին: Ես մտածում եմ, որ հայ ազգն արժանապատվություն ունեցող ժողովուրդ է, ինքը միշտ մտածել է ազատվել և պայքարել է ազատության համար: Բոլորովին այդպես չէ, որ ինքը միշտ որևիցե մեկի լծի տակ է ուզում ապրել», – նշեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով՝ մենք կրկին հպատակվում ենք ռուսներին, նա նշեց, թե չի կարծում:

«Չեմ կարծում, որ որևիցե համակարգի ինտեգրվելով՝ պետք է անպայման ինչ-որ մեկին հպատակվենք: Այդ դեպքում, եթե ստորագրեինք Ասոցացման մասին համաձայնագիրը, ո՞ւմ լծի տակ պետք է լինեինք: Դա կապված է երկրի, իշխանությունների վարած քաղաքականությունից ու դիվանագիտությունից»:

Մյասնիկ Մալխասյանի գործով անվտանգության գործոնը ԵՏՄ-ի պարագայում, իրոք, գործում է, սակայն, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները որևէ որոշում կայացնելուց առաջ պետք է առաջնորդվի առաջին հերթին ժողովրդի, ոչ թե՝ իր շահերով:




Լրահոս