ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  2013թ. մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի հայեցակարգը: Այդ հայեցակարգով հնարավո՞ր է կասեցնել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի՝ պատմաճարտարապետական կառույցի ավերումը, վերականգնել դահլիճի քանդված 8 կամարները եւ դադարեցնել Հանրապետության հրապարակում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքն օտարման միջոցով հյուրանոցի վերածելու գործընթացը:

Մարտին Ասլանյան (66 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2013թ. մարտի 7-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի հայեցակարգը նախապատրաստվել է ապագա օրենքի նախագծի մշակման աշխատանքների նախնական փուլում՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը: Հայեցակարգով շարադրվել են կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը, ապագա իրավական ակտի նպատակները, հիմնադրույթներն ու կառուցվածքը: Հայեցակարգին կարող եք ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջում (www.mud.am):
Ինչ վերաբերում է օրենքի նախագծի մշակմանը, ապա այն ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի 6-ամսյա ժամկետում: Ի լրումն վերոգրյալի` տեղեկացվում է, որ սահմանված կարգով ուժի մեջ չմտած օրենքն իրավական հետեւանքներ չի առաջացնում եւ իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չի կարող հանդիսանալ:

ՀՀ քաղաքաշինության նախարարի
տեղակալ Ռուզան Ալավերդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանում քաղաքի խոցերը շոշափելն ու դրանց մասին բարձրաձայնելն ավելի քան ճիշտ է: Ընտրողն իսկապես հետեւություններ պետք է անի` ելնելով աչքի տեսածից:




Լրահոս