ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ` ՀՈՒՅՍՈՎ ԼԵՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվանից սկսում է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը, որի շրջանակներում կանդրադառնանք նրանց կատարած աշխատանքին եւ առաջիկա ծրագրերին: Կարեւոր է պարզել, թե ինչպիսի օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի պատգամավորները, եւ արդյո՞ք դա բավարար է 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացուց կրկին քվե հայցելու համար: Մեր այսօրվա «հերոսներն» են Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանն ու Կարինե Աճեմյանը:

Աշոտ Աղաբաբյանը 2003 թվականից ՀՀ ԱԺ պատգամավոր է, ՀՀԿ-ի հնաբնակներից է, որոնք Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ հիմնադրել են կուսակցությունը: Աշոտ Աղաբաբյանը նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին է, որը հաճախ է հպարտանում Անդրանիկ Մարգարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ ունեցած մտերմությամբ: Նշենք, որ վերջին տարիներին Աշոտ Աղաբաբյանն իր բիզնես գործունեությունում լուրջ դժվարությունների է բախվել, ինչը տարօրինակ է` պայմանավորված հատկապես նրա` ՀՀԿ անդամ լինելու հանգամանքով: Հիշեցնենք, որ Աղաբաբյանը իր սնանկացման ու տնտեսական դժվարությունների համար մեղադրում էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Թեեւ Աղաբաբյանը հրապարակավ քանիցս փորձեց Սերժ Սարգսյանին տեղեկացնել իր խնդիրների մասին, սակայն վերջինս կարծես տոտալ անտարբերություն ցուցաբերեց: Հատկանշական է, որ Աղաբաբյանը նույնիսկ մասնակցեց 2015թ. ամռանը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին: Նա, այդուհանդերձ, բավականին զգույշ է իր կեցվածքում` որեւէ քննադատական խոսք չհնչեցնելով Սերժ Սարգսյանի հասցեին: Վերջինիս համարելով իր մարտական ընկերը` Աղաբաբյանը Հայաստանում կատարվող բոլոր ապօրինությունների մեղքը հետեւողականորեն բարդում է ինչ-ինչ «թալանչիների» վրա, որոնք Սերժ Սարգսյանից «գաղտնի» հարստահարում են ժողովրդին: Տիրող իրավիճակի քննադատությամբ երբեմն-երբեմն հանդես գալով հանդերձ` Աղաբաբյանը կտրականապես հրաժարվում է իր կեցվածքը «ընդդիմադիր» որակելուց: Նա նույնիսկ ժամանակին կոչ էր անում ընդդիմությանը միասնական լինել իշխանությունների հետ, որպեսզի Հայաստանում այլեւս ընդդիմություն չլինի. «Թող աշխարհը զարմանա, որ էս հայկական պետության մեջ ընդդիմություն չկա, բոլորս իրար հետ ենք»:
Իսկ ինչ վերաբերում է 5-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովում Աշոտ Աղաբաբյանի գործունեությանը, ապա ասելիքը գերազանցապես ներկայանում է «բացակայի» տեսքով: Քվեարկություններից նրա բացակայությունները կազմել են ավելի քան 56 տոկոս, կողմ է քվեարկել 40%, դեմ՝ 0.42% եւ հրաժարվել է քվեարկելուց նիստերի մոտ 3 տոկոսում: ՀՀԿ-ական պատգամավորը 5 տարվա ընթացքում երբեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել: Ի դեպ, Աղաբաբյանը բացակայել է այնպիսի օրինագծերի քվեարկություններից, որոնք հանրային մեծ հնչեղություն եւ կարեւորություն են ունեցել: Օրինակ` «1000 դրամների» օրինագիծ, «Ապօրինի հարստացման քրեականացում», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ» եւ այլն: 2012թ. որպես դրամական միջոցներ նա հայտարարագրել է մոտ 150 մլն ՀՀ դրամ, իսկ եկամուտ` 148 մլն ՀՀ դրամ: 2015թ.-ին ներկայացված հայտարարագրի համաձայն` Աղաբաբյանի եկամուտները կազմել են 7 մլն ՀՀ դրամ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Կարինե Աճեմյանի համար 6-րդ գումարման խորհրդարանը կարող է դառնալ երրորդը: Ի տարբերություն Աղաբաբյանի` Աճեմյանը 7 անգամ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Բացակայել է ԱԺ նիստերի մոտ 6 տոկոսից, կողմ քվեարկել նախագծերի ավելի քան 91 տոկոսին, դեմ` 0.73%-ին եւ հրաժարվել քվեարկելուց 1.35%-ի ժամանակ: 2012թ. Կարինե Աճեմյանը իբրեւ դրամական միջոցներ հայտարարագրել է մոտ 6 մլն ՀՀ դրամ, իսկ եկամուտ` 3 մլն 338 հազար ՀՀ դրամ: Իսկ ահա 2015թ. Կարինե Աճեմյանի պաշտոնական եկամուտը կազմել է 7 մլն ՀՀ դրամ: «1000 դրամների», «Ապօրինի հարստացման քրեականացում», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ» եւ մյուս աղմկահարույց օրինագծերին Կարինե Աճեմյանը պարտաճանաչորեն կողմ է քվեարկել: Ընդգծենք, որ նա ՀՀԿ-ում է հայտնվել 2000-2007թթ.ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ եւ այս տարիների ընթացքում հնազանդորեն սատարել Սերժ Սարգսյանին: Նկատելի է, որ Աճեմյանը ՀՀԿ-ի այն պատգամավորներից է, որոնք հոդաբաշխ կերպով ի վիճակի են գովեստներ ձոնել իշխանության ցանկացած նախաձեռնության, ինչպես օրինակ` «1000 դրամների» օրինագծին, կուտակային կենսաթոշակային համակարգին եւ այլն:
Ամփոփելով` հարկ է նկատել, որ Աշոտ Աղաբաբյանի պատգամավորական ապագան թաղված է անորոշության մեջ: Պատգամավորական մանդատի մեծագույն փափագով հանդերձ` նա կարծես առայժմ չի կարողացել ձեռք բերել Սերժ Սարգսյանի համաձայնությունը: Չի բացառվում, իհարկե, որ Սերժ Սարգսյանը նրան հորդորի առաջադրվել ռեյտինգային տարբերակով` ոչ ոքի չնեղացնելու իր մարտավարությամբ: Իսկ ահա Կարինե Աճեմյանի հույսը ՀՀԿ ցուցակում կին պատգամավորների պակասն է: Հաշվի առնելով Աճեմյանի հրապարակային ներբողները՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ ընտրացուցակներում կանանց ներկայացվածության առնվազն 20 տոկոսի մասին «Ընտրական օրենսգրքի» համապատասխան պահանջը` կարելի է կարծել, որ Աճեմյանին կհաջողվի տեղ զբաղեցնել ՀՀԿ ցուցակում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԾԱՂԿԱՍԱՐՑԻՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Փոքր Արտենի լեռան հարավ-արեւմտյան լանջին գտնվող Ծաղկասար գյուղում ձմեռները տեւական են եւ ցուրտ: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1990 մ բարձրության վրա:

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկասար գյուղում այժմ ապրում է մոտ 18 ընտանիք: Գյուղի դպրոցը դեռեւս 2008 թվականից չի գործում: Իսկ աշակերտները, որոնք 14-ն են, հաճախում են հարեւան Մաստարա գյուղի դպրոց: Հատուկ տրանսպորտային միջոց կա, որով առավոտյան երեխաները գնում են դասի, ապա հետ վերադառնում: Սակայն մեծ դժվարություն է երեխաների համար հարեւան գյուղում դպրոց հաճախելը, հատկապես ցուրտ եղանակներին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ծաղկասարի գյուղապետ Հովհաննես Աբաջյանի հետ:
-Պարո՛ն Աբաջյան, գյուղի բնակիչները ինչպե՞ս են ջեռուցում իրենց տները:
-Գոմաղբով: Գյուղը գազաֆիկացված չէ. ընդամենը 18 տուն է, եւ այն գազաֆիկացնելու համար անհրաժեշտ է 7 կմ գազատար անցկացնել, որն էլ գյուղացու համար ձեռնտու չէ: Բայց նույնիսկ այդ դեպքում էլ գյուղը 7 ամիս գազով չի տաքանա, մանավանդ որ սեփական տները այդ բարձրության վրա են գտնվում: Գյուղում ձմեռը շատ դաժան է անցնում: Ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա ենք գտնվում, ինչպե՞ս կարող է ձմեռը հանգիստ լինել:
-Այս տարի նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը: Ձեր գյուղը նույնպես խոշորացվող համայնքների ցանկում է…
-Մարդիկ հիմնականում բողոքում են համայնքների խոշորացումից, քանի որ մի հարցի համար այստեղից հասնելու են Թալին: Կտրված գյուղ է, ոչ մի տեսակի տրանսպորտ չկա, եւ այդպես 18 կմ գնալու են: Մեր գյուղը տարիներ առաջ միացել է մեկ այլ համայնքի. Մաստարայի հետ միացած ենք եղել: Համայնքների խոշորացման վատ հետեւանքները մենք մեր մաշկի վրա զգացել ենք: Մենք գիտենք, թե դա ինչ է նշանակում: Մի թղթի համար 7 կմ գնում էինք, որ վերցնենք, ու պատահում էր, որ այդ մարդը տեղում չէր լինում, ու նորից 7 կմ հետ էինք գալիս, որ հաջորդ օրը գնայինք:
-Պարո՛ն Աբաջյան, գյուղացիները պատրաստվո՞ւմ են ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
-Գյուղացու հոգսը իրեն հերիք է, նրանց բացարձակ չեն հետաքրքրում խորհրդարանական ընտրությունները: Մտածում են՝ այս ձմեռը երբ են անցկացնելու: Մարդիկ ընտրությունների թեմայի շուրջ աշխույժ չեն: Այսօր գյուղացիները փորձում են գոյատեւել, գյուղացուն հեչ պետք չէ, թե երբ են տեղի ունենալու խորհրդարանական ընտրությունները, ով է պատգամավոր դառնալու: Միեւնույն է՝ դրանցից ոչ մեկը մեր մատից փուշ չի հանում:
-Դուք ՀՀԿ-ական եք: Խորհրդարանական ընտրությունների հետ կապված հանձնարարականներ չե՞ք ստացել:
-Այո՛, ես ՀՀԿ-ական եմ դեռեւս 2001 թվականից: Պատկերացրեք, որ ես դեռ չգիտեմ, թե ով է թեկնածություն առաջադրելու: Մեր մարզում նման խոսակցություններ չեն եղել: Ոչ մի հրահանգ, հանձնարարական չենք ստացել: Ամեն դեպքում, ես ինձ թույլ չեմ տա գնամ, գյուղացուն ստիպեմ՝ գնա սրան կամ նրան ընտրի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱԿԱՍ ՈՒՆԵՆ
Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմի մեջ մտնող «Գրանդ տոբակո» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ցուցակում: Գ. Ավալյանը ծնունդով սահմանամերձ Մովսես գյուղից է: Տարեմուտին «Գրանդ հոլդինգ»-ի կողմից Տավուշի մարզի ընտանիքներին բաժանված սննդի տոպրակների մեջ դրված Տավուշի համայնքներում կատարած բարեգործական ծրագրերի մասին պատմող ամսագրի նախավերջին եւ վերջին էջերում ներկայացված են Գ. Ավալյանի կենսագրությունը եւ Միքայել Վարդանյանի հետ նրա լուսանկարը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու է նաեւ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով այժմ Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է: ՀՀԿ համամասնական ցուցակում, հավանաբար, կներառվի նաեւ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի անունը: Վերջինս Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի աներորդին: Առայժմ մյուս կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզի ցուցակներում ընդգրկվելու համար հայտնի մարդկանց պակաս ունեն: Մեր տեղեկություններով՝ Իջեւանի ավտոձեռնարկության սեփականատեր, Տավուշի նախկին փոխմարզպետ Վահե Վարդապետյանն ընդգրկվելու է Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում: Իսկ հայտնի միկրովիրաբույժ, ծնունդով Տավուշի մարզի Կողբ գյուղից Արտավազդ Սահակյանը, մամուլի հրապարակումների հմաձայն, 3 քաղաքական ուժերից համագործակցության առաջարկ է ստացել, սակայն դեռ չի որոշել՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը եւ եթե այո՝ ապա ո՞ր կուսակցության ցուցակով:

 

 

ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Հունվարի 13-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել ՀՀ-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի վրա: Այդ պատճառով հայ զինվորականները ստիպված են եղել մոտ մեկ ժամ փակել սահմանագոտով ձգվող ավտոճանապարհը: 2015թ. դեկտեմբերի 31-ին Ս. Սարգսյանը տարեմուտի առթիվ այցելել էր Տավուշի մարզի Բերդավան գյուղի մարտական դիրքեր, մասնակցել գյուղի կենտրոնում կայացած տարեմուտի միջոցառմանը: Այդ ժամանակ Ս. Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, ֆելզիտե մեծ ժայռաբեկորներ էին տեղադրել: Դրանք շրջանցիկ ավտոճանապարհը պաշտպանում են ադրբեջանական հենակետերից գնդակոծության դեպքում: Իսկ սահմանագոտով ձգվող ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծության համար բաց է: Փաստորեն նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի հռչակած «Ապահով Հայաստան» կարգախոսը միայն Սերժ Սարգսյանի համար է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս