ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունիի շրջանային բուժմիավորումում էր: «Հայաստան» համահայական հիմնադրամի աջակցությամբ Մարտունիում կառուցվել է բուժմիավորման նոր շենք, սակայն այն դեռևս չի շահագործվել:
Նախարար Քուշկյանն այցելել է բուժմիավորման նոր շենք, Երևանից հրավիրված հատուկ մասնագետների հետ տեղում քննարկել շահագործման հետ կապված խնդիրները, կարիքները: Մարտունիի բուժմիավորումը իր գործունեությունը շարունակում է հին շենքում, որտեղ էլ նախարարը հանդիպել է հիվանդներին, աշխատանքային խորհրդակցություն անց կացրել անձնակազմի հետ:
Հիվանդները, չնայած շենքային պայմաններին և սարքավորումների պակասին՝նախարարին իրենց գոհունակություն են հայտնել բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի և հոգատարության առիթով:
Հարություն Քուշկյանը հավաստիացրել է, որ շուտով կշահագործվի նոր շենքը, կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաները, ինչն էլ կբարձրացնի բուժօգնության որակը:
Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն առողջապահության ոլորտի հետ կապված ունի շատ հավակնոտ ծրագրեր և իր փորձը կներդնի դրանք կյանքի կոչելու համար:
Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է բարձրացնել ոլորտի վարկանիշն, ապահովել որակ և մատչելիություն: Նախարարը նկատել է, որ Մարտունիում և առհասարակ Արցախում կան շատ լավ մասնագետներ, որոնց պետք է աջակցել, նրանց համար տեղում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ: Մարտունիի շրջանային բուժմիավորման ստացիոնար ծառայությունում տեղակայված է թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձ-գինեկոլոգիական և մանկական 45 մահճակալ:
Տարեկան այստեղ 100 երեխա է ծնվում: Բուժմիավորումը սպասարկում է 26 000 բնակչի, ունի 5 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 31 բուժակ մանկաբարձական կետեր Մարտունիի շրջանային բուժմիավորումում ևս «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպությունը հիմնադրել է ստոմատոլոգիական կաբինետ, որտեղ ևս նախարարը ծանոթացել է աշխատանքի ծավալներին, մատուցվող բուժօգնության պայմաններին: Նախարար Հարություն Քուշկյանն այցելել է նաև Մարտունու շրջանի Ճարտար գյուղի տեղամասային հիվանդանոց:
Ծանոթացել է շենքային պայմաններին, մատուցվող բուժօգնության հնարավորություններին: Հիվանդանոցն ունի շտապ օգնության ծառայություն, ընդհանուր պրոֆիլի 10 մահճակալ:
Այստեղ տարեկան միջինում 50-55 երեխա է ծնվում: Նախարարը խոստացել է, որ հիվանդանոցի շենքը կվերանորոգվի և կվերազինվի անհրաժեշտ սարքերով և պարագաներով, իսկ մինչ այդ՝ տվել է հանձնարարականներ բուժօգնության կազմակերպման որակի բարձրացման ուղղությամբ: Հավաստիացրել է, որ շուտով կշահագործվի նոր շենքը, կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաները, ինչն էլ կբարձրացնի բուժօգնության որակը:
ԼՂՀ Առողջապահության նախարարություն