ԼՈՌՈՒ ԱՆՏԱՌՆ ԱՅՐՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունվարի 14-ին Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Փամբակ ճանապարհահատվածի 10-րդ կմ-ին հարող անտառն այրվում էր: Հրդեհն ընդգրկել էր մոտ 2 հա տարածք: Կրակը մեծ արագությամբ տարածվում էր:
Նույնիսկ հեռվից տեսանելի էին կրակի մի քանի օջախները: Պարզ հարց է առաջանում. ինչպե՞ս կարող էր ինքն իրեն հրդեհ բռնկվել, այն էլ լեռան մի քանի հատվածներում միանգամից: Փամբակի հիշյալ անտառահատվածի դիրքը խիստ անմատչելի է, տեխնիկա հասցնելն` անհնարին:
 Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը երկաթգծի զինվորականացված ջոկատից ահազանգ էր ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել կայազորի հարեւանությամբ` Փամբակ գետի աջ ափին, վերջինս էլ իր հերթին ահազանգել էր Լոռու մարզի փրկարարական վարչություն:
Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ էին իրականացնում վարչության փրկարարական ջոկատների աշխատակիցները, Փամբակ համայնքի փրկարարական խումբը եւ Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցները: «Ճանապարհներն անանցանելի են, հրդեհին հասնելն` անհնարին: Ստիպված ենք աշխատանքները կազմակերպել ձեռքի ուժի միջոցով: Օրն արդեն մթնել է, ինչն ավելի է բարդացնում աշխատանքը: Այս պահին էլ Լոռու մարզի փրկարարական վարչության պետի հետ մտածում ենք, թե հետագա քայլերն ինչպես ենք կազմակերպելու, որպեսզի կարողանանք հրդեհի առաջն առնել»,-նշեց համայնքապետը:
Այս անտառտնտեսության տարածքում սա եզակի դեպք չէ: Խոշոր հրդեհ բռնկվել էր նաեւ անցած տարի աշնանը, երբ Քարաբերդ համայնքի տարածքից հրդեհը հասել էր Փամբակ: Կրակը մարելու համար պահանջվել էր նաեւ զինվորների օգնությունը: Այս տարին էլ դեռ նոր է սկսվել, սակայն Փամբակի հարակից անտառներում արդեն երկրորդ խոշոր հրդեհն է: Առաջինը գրանցվել էր հունվարի 6-ի երեկոյան: Այդ ժամանակ կրակը հնարավոր էր եղել մեկուսացնել հրշեջ-փրկարարների եւ Փամբակի 15 հոգուց բաղկացած խմբի ուժերով: Ի դեպ, նշենք, որ անտառներում բռնկվող հրդեհների կանխումը հիմնականում անտառտնտեսությունների գործն է, սակայն որպես արտակարգ իրավիճակ` ամեն անգամ արձագանքում է նաեւ փրկարար ծառայությունը: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, թե ինչպես են պահպանվում մեր անտառները: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց Լոռիում անտառ չի լինի: Պատասխանատվության ենթարկվածներ էլ մինչ օրս չկան:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս