Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կբացահայտի մարտի 1-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, արդեն 1 տարի է, ինչ ապրում է Բելգիայում: Ա. Հովհաննիսյանը հանձնել է իր անձնագիրը, հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից ու հեռացել Հայաստանից: Վերջինս մեզ հետ նախորդ զրույցում հայտարարել էր, որ Հայաստան կվերադառնա այն դեպքում, երբ երկրում իշխանափոխություն տեղի կունենա: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ալլա Հովհաննիսյանի հետ` պարզելու համար՝ արդյո՞ք ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքներն ու իշխանափոխության ծրագրերը կարող են պատճառ դառնալ, որ նա կրկին վերադառնա Հայաստան:

-Տիկի՛ն Ալլա, Հայաստանում կարծես թե նոր բողոքի ալիք է բարձրանում: Երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը միավորվել են ու մեկ հարթակից իշխանափոխություն են պահանջում: Հնարավո՞ր է, որ Դուք վերադառնաք ՀՀ ու միանաք եռյակի պահանջին:

-Նախ ինձ համար եռյակի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, չգիտեմ՝ հնարավոր է՝ ժողովուրդն առաջնորդին փոխել է, բայց ես 3-ին լավ իմանալով` որպես առաջնորդ ընդունում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ու ես համոզված եմ, որ այդ ուժերի միտքը, ծրագրի կազմակերպողն ու իրականացնողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես չգիտեմ՝ այս պահին ժողովուրդն ինչպես է մտածում, բայց ինձ համար այդպես է: Հոկտեմբերի 10-ին իրենց հանրահավաքին ամբողջությամբ հետեւել եմ, ու ինչպես միշտ, երբ վերջում խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, այս անգամ եւս այդպես եղավ: Ես հիմա չգիտեմ՝ ուժերը ոնց են դասավորվել… իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այժմ էլ այդ ամենի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ես այդպես եմ կարծում:

-Իսկ ըստ Ձեզ՝ ԲՀԿ առանորդ Գագիկ Ծառուկյանը վա՞տ առաջնորդ կարող է լինել: Դուք նրան առաջնորդի դերում չե՞ք տեսնում:

-Ես որեւէ բան չեմ կարող ասել Գագիկ Ծառուկյանի համար, ես 2008 թվականից եմ հետաքրքրվել քաղաքականությամբ ու երբ ես սկսել եմ մասնակցելու այդ ամենին, դարձել եմ ՀԱԿ անդամ, ինձ համար առաջնայինը եղել է իշխանափոխությունը, իշխանությունը ժողովրդին վերադարձնելն ու Մարտի 1-ի բացահայտումը: Ինձ համար ամենամեծ նպատակը դա է եղել: Իսկ հիմա ես չգիտեմ՝ արդյո՞ք Գ. Ծառուկյանն այդ պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ Մարտի 1-ը բացահայտելու… ու արդյո՞ք ինքը կուզի բացահայտել Մարտի 1-ը, ես այդ առումով այժմ որեւէ բան չեմ կարող ասել: Ու նաեւ ուզում եմ անպայման նշել, որ ես չեմ ցանկանում իմ այս խոսքերով խանգարել ընդդիմությանը: Ինձ համար այսօր այն ուժը, որն այս իշխանությանը, ռեժիմին, Սերժին դեմ է, արժեք է ներկայացնում, ու ես չեմ ուզենա՝ իրենց որեւէ կերպ վատաբանած լինեմ: Ես չեմ քննադատում, ես իմ կարծիքն ունեմ, ես միայն կարծում եմ, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, պետք է Մարտի 1-ի բացահայտումը լինի: Բայց կրկնում եմ՝ այդ շարժման մեջ իմ առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

-Եթե հեղափոխական ալիք բարձրանա, ու ոչ իշխանական ուժերը կտրուկ քայլերի դիմեն, հնարավո՞ր է՝ Դուք վերադառնաք Հայաստան ու միանաք իշխանությունների դեմ պայքարին:

-Գիտեք ինչ, եթե այսօր լիներ 2009 թվականի հանրահավաքը, ես կգայի: Հիշո՞ւմ եք չէ, թե ովքեր էին այդ ժամանակ հեղափոխական հանրահավաքներ անում: Այդ ժամանակ ՀԱԿ-ում Լեւոն Զուրաբյանն էր, Նիկոլն էր, որը բանտում էր, անազատության մեջ էր, բայց իրենց հետ էր, Ալեքսանդր Արզումանյանն էր, Սասուն Միքայելյանն էր, եթե այդ կազմը լիներ այնտեղ կանգնած, երեւի թե ես հաստատ էս պահին կգայի, բայց չգիտեմ… ես ոչ թե իրենց չեմ վստահում, այլ չգիտեմ… երբ որ իրենք կգնան իշխանափոխության… այսպես ասեմ, ես չգիտեմ՝ իրենք կգնա՞ն իշխանափոխության: Եթե դա լինի, ես շատ ուրախ կլինեմ, երկու ձեռքով կողմ կլինեմ, բայց մի քիչ հարցականի տակ է դա: Սպասում եմ, թե հետագայում ինչ պետք է պահանջեն: Ու մեկ էլ ինձ մի բանը ընդհանրապես դուր չի գալիս, որ ընդդիմադիր բառը իրենք չեն շեշտում: Իրենք հայտարարում են, թե ոչ իշխանական ուժեր են, որը ես չեմ ընդունում, դա չեմ կարողանում հասկանալ:

-Այսինքն՝ եռյակի համախմբված ուժերը Ձեզ վստահություն չե՞ն ներշնչում, նրանց հետ հույսեր չեք կապո՞ւմ:

-2008 թվականի պայքարի ժամանակ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ մենք ընդդիմություն ենք ու գնում ենք իշխանափոխության, չէ՞, իսկ այսօր հարթակում կանգնած ուժերից միայն «Ժառանգություն» կուսակցությունն ու ՀԱԿ-ն է ասում, որ մենք ընդդիմադիր ենք ու գնում ենք իշխանափոխության, դրա համար… արդյո՞ք այդ պահանջը կդրվի, արդյո՞ք Մարտի 1-ի պահանջը կհնչի հարթակից, արդյո՞ք հարթակում կանգնածները կասեն, որ իրենք ընդդիմադիր են: Այսինքն` ավելի կոնկրետ պետք է լինեն պահաջներն ու ավելի կոշտ դիրքորոշում եմ սպասում: Իսկ հիմա ես դա տեսնում եմ միայն ՀԱԿ-ում:

Հ. Գ. Ի դեպ, անդրադառնալով մեր զրուցակցի հիշեցմանը` 2009թ-ին հարթակում կանգնածների մասին, նկատենք, որ ներկայումս իշխանափոխություն պահանջողների կազմը տրամագծորեն փոխված է: Ազատության հրապարակում Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանին «արյունոտ ձեռքերով գազաններ» որակող Լեւոն Զուրաբյանն այսօր արդեն նույն հարթակում կանգնում է Մարտի 1-ի գլխավոր դերակատարներից մեկի` Վարդան Օսկանյանի հետ: Նաեւ սա նկատի առնելով` տիկին Ալլայի` Մարտի 1-ի բացահայտման շուրջ հարցադրումը դառնում է գրեթե հռետորական:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս