Վրաստանի հարավում՝ Նինոծմինդայի շրջանում երկրի ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փրկել են 200 մարդու, ովքեր Հայաստան տանող ավտոճանապարհին արգելափակվել էին ձյան պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Ինչպես նշել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, փրկարարները շարունակում են իրենց աշխատանքը` օգնելով մայրուղուց անվտանգ վայր տեղափոխել ավտոմեքենաները և նրանցում գտնվող մարդկանց:
Ձյան տեղումների, քամու և մառախուղի պատճառով Նինոծմինդայի շրջանում դադարեցվել է երթևեկությունը Հայաստան տանող ճանապարհի որոշակի հատվածում: Ձյան շերտի հաստությունը կազմում է 80 սանտիմետր:
Վրաստանից Հայաստան երթևեկությունն իրականացվում է այլ ավտոճանապարհներով, որոնցում երթևեկությունը չի դադարեցվել:
Փակ է նաև Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհներից մեկը: