Հայտնի է՝ ինչից է մահացել ծննդկան Մերի Մարգարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը՝ 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է: Armlur.am-ին փաստաբան Մարինե Թովմասյանը հայտնեց, որ նախնական եզրակացությունը չի հերքվել: Այսինքն՝ ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ համաձայն Մերի Մարգարյանի մահվան բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը:

Հիշեցնենք, որ հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին: Ըստ պաշտոնական հաորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել ու չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որով  նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում։

Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել են որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:

Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժող Մերի Մարգարյանի հարազատները, ընկերուհին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի  վիրաբույժը, մանկաբարձ-գինեկոլոգը:

Զննության են ենթարկվել տուժող Մերի Մարգարյանի և վերջինիս  ընկերուհու կողմից օգտագործված բջջային հեռախոսները:




Լրահոս