ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե արդյոք փողոցներում, խանութներին հարակից տարածքներում տեղադրվող խաղային սարքերի համար քաղաքացին պարտավոր է հարկ մուծել պետությանը: Եթե այո՛, ապա նշեք, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի ներկայացվեն ՊԵԿ, եւ քաղաքացին թույլտվություն ստանա այդ սարքերի տեղադրման համար:

Սարգիս Սահակյան (25 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը (բացառությամբ շահումով խաղերի եւ խաղատների գործունեության) 2013թ. հունվարի 1-ից հարկվում է արտոնագրային վճարով «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N7 եւ N8 հավելվածներին համապատասխան: Այդ գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը վճարում են արտոնագրային վճար: Արտոնագրային վճարի չափը որոշվում է N8 հավելվածի 9-րդ եւ 10-րդ կետերին համապատասխան՝ հիմք ընդունելով խաղային ավտոմատների քանակը եւ գործունեության իրականացման վայրը: Արտոնագրային վճարի չափի հաշվարկման համար հարկ վճարողները պարտավոր են մինչեւ գործունեություն իրականացնելը (շարունակելը) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն՝ արտոնագրային վճար վճարող համարվելու մասին: Հայտարարությունը պետք է ներկայացվի մեկ ամսվա կամ հաջորդական ամիսների համար: Արտոնագրային վճարը վճարվում է մինչեւ արտոնագիր ստանալը:
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա նրանք մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությամբ կարող են զբաղվել միան որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե վճարումների մասին նույնպես տվյալներ ներկայացված լինեին, ապա հարկայինի պատասխանը միանգամայն սպառիչ կլիներ:




Լրահոս