ՀԱՅՏՆԻ ՀԱՅՐԻԿԻ ՄԵԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏԵՐ ԴԱՏԱՎՈՐ ԴՈՒՍՏՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը սեպտեմբերին անդրադարձել էր ՀՀ վարչական դատարանի 33-ամյա դատավոր Անի Հարությունյանի պատկառելի ունեցվածքին, թե երիտասարդ դատավորն ինչպես է կարողացել այդքան արագ հարստանալ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երիտասարդ դատավորն այնքան էլ անհայտ մարդու աղջիկ չէ. նա Սերժ Սարգսյանի մանկական ընկերոջ դուստրն է:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի դրամական միջոցները, ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի, կազմել են 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Վերջինս նախորդ տարվա ընթացքում նաեւ ստացել է 6 մլն 231 հազար դրամի եկամուտ՝ ինչ-որ շենք-շինությունների վարձակալության դիմաց: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ երիտասարդ դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասարակական նշանակության շինություն, «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ՝ բաժնետոմսեր` 27 մլն 900 հազար դրամ եւ 50 հազար դրամ: Տեղեկացնենք, որ այս ունեցվածքի տեր երիտասարդ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 420 հազար դրամ: Ուստի հարց է առաջանում՝ երիտասարդ դատավորը հիմք ուներ լավ գործարար լինել, ինչո՞ւ է ընտրել դատավորի պաշտոնը: Ինչեւէ: Անդրադառնանք, թերեւս, մյուս կարեւոր խնդրին՝ որտեղի՞ց երիտասարդ դատավորին այսքան կարողություն, Ի՞նչ ճանապարհով է վերջինս կարողացել այսքան կարողություն կուտակել: Պարզվում է՝ Անի Հարությունյանի հարուստ դատավոր լինելու գաղտնիքը հայտնի հայրիկ ունենալու մեջ է:

Ո՞Վ Է ԴԱՏԱՎՈՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
Եվ այսպես, պարզեցինք, որ 33-ամյա Անի Հարությունյանի հայրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Իսկ ինչով է հանրության հայտնի Գրիշա Հարությունյանը: Վերջինս Հայաստանի պետական մարմիններում սկսել է աշխատել 1990-ական թվականների սկզբներին, երբ նշանակվել է հատուկ ծրագրերի վարչության ղեկավար: Սակայն շատ կարճ ժամանակ անց Գրիշա Հարությունյանը հեղինակազրկվել է, քանի որ նրան ճանաչողները պատմում են, որ փող շատ է սիրում: Հենց աշխատանքի տարիներին նրա ղեկավարած վարչությունում չարաշահումներ են հայտնաբերվել, որոշ կասկածներ կային, որ դրանց առնչվել էր նաեւ Գրիշա Հարությունյանը, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից:

ԱՆՀԵՏԱՑԱՎ, ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
Դրանից հետո Գրիշա Հարությունյանը երկար ժամանակ անհետացել է հորիզոնից եւ ընդհատակում մնացել մինչեւ 1994 թվականը, երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Հենց Սարգսյանի օրոք Գրիշա Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար:
ՊՆ փոխնախարարի կարգավիճակում էլ Գրիշա Հարությունյանը համակարգում էր բանակի տնտեսական հարցերը: Այդ ժամանակ նոր ձեւավորվող պաշտպանության նախարարությունը երկու խոշոր շինարարություն էր իրականացնում` մեկը ռազմական հոսպիտալի, մյուսը ռազմական ուսումնարանի կառուցումն էր: Եվ քանի դեռ նախարարը Սերժ Սարգսյանն էր, շինարարության ընթացքը ոչ մի վատ բան չէր կանխատեսում: Բայց երբ 1995թ. ՊՆ նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը, հետաքրքրվել էր շինարարությունների ֆինանսական հաշվետվություններով: Ինչպես եւ սպասվում էր՝ Գրիշա Հարությունյանն այդտեղ էլ էր չարաշահումներ թույլ տվել, ինչի համար Վազգեն Սարգսյանը որոշել է պատժել փոխնախարար Հարությունյանին: Վերջինս ստիպված փախել է երկրից: Տարիներ հետո, դարձյալ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, վերադարձել է ու հայտնվել ոչ ավել, ոչ պակաս ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնում: Այս տարիներին արդեն Գրիշա Հարությունյանին վստահվել է Հայաստանում սեւ եւ գունավոր մետաղների արտահանման բացառիկ իրավունքը: Եվ պատահական չէ, որ մետաղների արտահանմամբ զբաղվող ամենախոշոր եւ, կարելի է ասել, միակ կազմակերպությունը պատկանում է Գրիշա Հարությունյանի եղբորը՝ Միքայել Հարությունյանին:

ՈՒՆԵԶՐԿԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ
Այսքանով Գրիշա Հարությունյանի շուրջ աղմկալի պատմությունները չեն դադարում: Ինչպես գիտեք՝ Գլխավոր պողոտայի շինարարության համար այդտեղ բնակվող քաղաքացիներին անխտիր վտարում էին իրենց սեփական տներից: Երեւանցիներին ունեզրկածներից մեկն էլ հենց Գրիշա Հարությունյանն էր` իր «Գրիար» ՓԲԸ-ով: Այդ կազմակերպության տնօրենն էլ Գրիշա Հարությունյանի փեսան է` Արթուր Յոլդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է:
Ի դեպ, Գրիշա եւ Միքայել Հարությունյաններին են դե ֆակտո պատկանում այս օրերին ՀՀ քաղաքացիների գրպանին մեծ հարված հասցնող Երեւանի կարմիր գծերի վճարովի ավտոկանգառները՝ «Պարկինգ սիթի»-ն, ինչպես նաեւ՝ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ»-ը: Այսքանից հետո թերեւս զարմանալի չէ, որ Գրիշա Հարությունյանի դուստրը կարող է դատավոր դառնալ եւ 33 տարեկանում ունենալ պատկառելի կարողություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՄԱՀ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվեց գործարար, «Օժիտ» խանութի սեփականատեր Սիլվա Գալստյանի սպանության գործով մեղադրական դատավճիռը: Գործարարի թոռը՝ ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանը, դատապարտվեց 21 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող Մարտին Նալբանդյանը միջնորդել էր հիշյալ հոդվածներով մեղավոր ճանաչել ամբաստանյալին եւ նրան դատապարտել 23 տարվա ազատազրկման: Մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, ամբաստանյալի պաշտպան Գուրգեն Մարտիրոսյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ ամբաստանյալի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը:
Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Այնուհետեւ իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պարանոցի օրգանները սեղմելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին, վերջինիս դիտավորությամբ զրկել է կյանքից, որից հետո գիշերը իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք եւ այրել:

 

ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին՝ երեկոյան, Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում դանակահարություն է տեղի ունեցել: Պարզվել է` միջադեպի մասնակիցները դպրոցականներ են եղել, տուժել է 12-րդ դասարանի աշակերտ: Ղարիբջանյանի միջն. դպրոցի տնօրեն Վաղարշակ Յայլոյանը հայտնել էր, որ դեպքը դպրոցի տարածքում չի եղել, միջադեպն էլ դպրոցի հետ որեւէ կապ չունի. «Դասերից հետո է եղել, երեկոյան ժամի»,-հայտնել է տնօրենը:
Պարզվում է՝ միջադեպի մասնակիցներն ազգականներ են: Համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ միջադեպի պատճառը աղջիկ է եղել. «Նրանք հորեղբոր տղաներ են: Հազար բան կարող է լինել, դեռահաս են, տաքարյուն: Դե՛, ասում են՝ աղջկա պատճառով է եղել»: Նրա փոխանցմամբ՝ վիրավորված աշակերտի վիճակը լավ է, դպրոց է գնում: Նշենք, որ դանակահարողը հանձնվել է ծնողների հսկողությանը:

 

ՆՈՐ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը դիմել է դատարան նոր ցուցմունք տալու խնդրանքով: Սամասթը նաեւ պահանջել է, որ վերոնշյալ ցուցմունքը տալու համար իրեն Քոջաելիի բանտից տեղափոխեն Ստամբուլ: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հաստատել է, որ սույն թվականի նոյեմբերի 2-ին դատապարտյալը նման դիմում է ներկայացրել թուրքական դատարան: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց, 2007 թվականի հունվարի 19-ին:

 

ԴԻԱԿԸ ԳՏԵԼ ԵՆ
Փարիզի «Բատակլան» համերգասրահում, որտեղ ուրբաթ երեկոյան խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել, գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: 17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում: Լոլան հոր հետ եղել էր ռոք համերգին, երբ ահաբեկիչները ներխուժել էին դահլիճ: Խառնաշփոթի ընթացքում դստերը կորցրած հայրն ահաբեկչությունից մեկ օր անց կարողացել էր տուն վերադառնալ, սակայն աղջկան դեռ փնտրում էին: Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը:

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
Ֆրանսիացի իրավապահները հետախուզում են հյուրանոցային համարը, որտեղ ապրել է Սալահ Աբդեսլամը, ով պայթեցրել է ինքն իրեն Վոլտերի զբոսայգում: Le Point պարբերականը կադրեր է հրապարակել հետախուզման ընթացքից: Հյուրանոցային համարն ամբողջովին տակնուվրա է արված եղել, սեղանին ներարկիչներ եւ ինտուբացիոն խողովակներ են հայտնաբերվել, որոնց օգնությամբ ծայրահեղականները կարողացել են թմրանյութեր օգտագործել եւ պայթուցիկ սարքեր պատրաստել: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հայտնել են, որ հետախուզվել է Սեն-Սեն-Դենիի բնակարանը, որտեղ ենթադրաբար հավաքվել են ահաբեկիչները: Հետախուզության ժամանակ ոստիկանները բջջային հեռախոսներ եւ գաղտնալսող սարքեր են հայտնաբերել:




Լրահոս