Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը, փոխանցում է РИА Новости-ն:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ, այլ միայն կվերանայի այդ երկրի հետ հարաբերությունները:
Լրագրողների հետ զրույցում Լավրովը հայտարարել է, որ Սու-24-ի կործանումը պատահական դեպք չէր. «Մենք լուրջ կասկածներ ունենք, որ դա կանխամտածված հարձակում էր, որը նման է պլանավորված սադրանքի»: Ընդ որում, նա կասկածի տակ է դրել Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ իրենք չեն իմացել, թե որ երկրին է պատկանում ինքնաթիռը:
Սերգեյ Լավրովն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ռուսական Սու-24-ը կործանվել է «Իսլամական պետության» նավթային հանքերի ուղղությամբ ավիահարվածներից հետո:
«Թուրքական ռազմաօդային ուժերի հարձակումը ռուսական ինքնաթիռի վրա նոր լույսի ներքո ներկայացրեց նավթի անօրինական առևտրի հետ կապված իրավիճակը, և, առհասարակ, նավթային անօրինական արդյունաբերությունը, որը իսլամիստները ստեղծել են իրենց տարածքում»,-հայտարարել է Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ների լրագրողների հետ զրուցում:
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են եկել հանդիպել մոտ օրերս:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան