2016 թվականը շատ պաշտոնյաների համար տհաճ անակնկալներով մեկնարկեց: Հայաստանի Հանրապետության կառավարության գերակշիռ մեծամասնությունն ատամները կրճտացնելով երկմտում է, թե ինչ է սպասվում իրեն: Բանն այն է, որ գործադիրի գրեթե բոլոր անդամները սպասում են, թե երբ են իրենց պաշտոնանկ անելու, քանի որ նախ հասարակական դժգոհությունը որոշակիորեն մեղմելու անհրաժեշտություն կա, բացի այդ՝ խնդիր կա նաեւ իշխանական նոր կոալիցիայի բարձրաստիճան անդամների համար գործադիրում տեղեր ազատելու համար: Թերեւս սա է պատճառը, որ շատ նախարարներ այսօր սպասողական վիճակում են. մեկը գործուղման է մեկնել, մյուսը «խոզի գրիպ»-ի մասին է հիշել, երրորդը գնում է աշխատանքի՝ իր աշխատասենյակի համակարգչով նորությունները կարդալու համար եւ այլն: Ասել է թե՝ խաթարված է շատ պաշտոնյաների բնականոն գործունեությունը, քանի որ չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում առաջիկայում:
Սրան էլ երբ գումարվում է տեղեկությունն այն մասին, որ իշխանական կոալիցիայի ձեւավորման համար Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն իրենց համար պաշտոններ են պահանջում՝ ընտրական օրենսգրքի քննարկումները սկսելու եւ համաձայնություն տալու համար, ամեն ինչ տեղն է ընկնում: Սակայն այս դեպքում հակառակ իմաստով, քանի որ տեղն ընկնելու փոխարեն լրացուցիչ անհանգստության առիթ է շատ նախարարների համար:
Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, ՀՀ նախագահի նստավայրում փակվում է, միանձնյա որոշումներ կայացնում, իր մոտ հրավիրում բոլոր այն գործիչներին ու մարդկանց, ում պատկերացնում է ապագա կառավարությունում, զրուցում է ու բանակցում՝ ճանապարհելիս պահանջելով ոչինչ չասել մինչեւ պաշտոնական հրամանագրի հրապարակումը: Եւ այս գաղտնիությունը առավել դժվար կացություն է ստեղծում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել Բաղրամյան 26-ում լռող Սերժ Սարգսյանից:
Ամենայն հավանականությամբ, Հանրապետական կուսակցության առաջիկա նիստը բավականին հետաքրքիր ընթացք կունենա ու վճռորոշ ազդեցություն ապագա իրավիճակում: Քանի որ նոր կառավարության կամ վերաձեւավորված կառավարության անդամները, ըստ ամենայնի, կմնան մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ համապատասխանաբար քվեներ ապահովելով իրենց ներկայացրած քաղաքական ուժերի համար:
Ըստ ամենայնի, հենց այս հանգամանքով է պայմանավորված Սերժ Սարգսյանի որոշումների դանդաղկոտությունը: Վճռորոշ մարտերից առաջ պետք է հասկանա՝ ում ինչով կամ ինչն ումով է փոխարինում: