Դատապարտյալը նախազգուշացված լինելով՝ սուտ մատնություն է կատարել. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սմբատ Կարա-Պողոսյանը, ծանոթանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կազմված, անձնական խուզարկությամբ իր մոտ դեղահաբեր հայտնաբերելու, դրանք զննելու և դեղահաբերը քրեակատարողական հիմնարկի ծառայողից ձեռք բերելու վերաբերյալ իր անունից տրված հաղորդման և բացատրության արձանագրություններին՝ հաղորդում է տվել այն մասին, որ այդ փաստաթղթերը կեղծ են և դրանցում առկա ստորագրությունները իրեն չեն պատկանում:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ս. Կարա-Պողոսյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սմբատ Կարա-Պողոսյանի անվամբ լրացված փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից:
Այս կերպ՝ Ս. Կարա-Պողոսյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս