Կարեն Կարապետյանը ջանք ու եռանդ չի խնայում` իր թիմակիցներին, մերձավորներին բարձր աշխատավարձով աշխատանք ապահովելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր պետական ապարատի ծախսերը «զգալիորեն կրճատելու» մասին: «Հատկանշելով գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների եւ հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար, դրանք պետք է պետական բյուջեում ամրագրվեն, եթե անհրաժեշտ արդյունավետություն են ապահովում իրենց նպատակների իրագործման տեսանկյունից»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց` պետական ապարատի ծախսերը հարկատուների համար լրացուցիչ բեռ չդարձնելու մասին պնդումներն ընդամենը շոու էին: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ապարատի կրճատմանը զուգահեռ սկսեց կառավարության ենթակայության տակ գործող այլ կառույցներ ստեղծել, որոնք այսօր ոչ պակաս լուրջ բեռ են բյուջեի վրա: Բայց ստեղծվում են, որովհետեւ Կարեն Կարապետյանը ջանք ու եռանդ չի խնայում` իր թիմակիցներին, մերձավորներին, ընկերներին ու բիզնես-գործընկերներին բարձր աշխատավարձով աշխատանք ապահովելու եւ այդպես պետության հաշվին հարստություն դիզելու հնարավորություն ստեղծելու համար:

Եւ այսպես` 2016թ. տարեվերջին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը», որն արդեն հունվարի 12-ից սկսեց իր գործունեությունը: Կենտրոնի տնօրեն նշանակվեց վարչապետի խորհրդական, ՀՀԿ-ական Ալեքսանդր Խաչատուրյանը:

Կառավարության մեկամյակի առթիվ հրապարակված 25 էջանոց հաշվետվության 5 էջը նվիրված է հենց այս կենտրոնին: Ու պարզվում է` 22 աշխատակից ունեցող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն» այս ընթացքում ստացել է շուրջ 120 միլիոն ՀՀ դրամ (մոտ 250 հազար դոլար), որից 100 միլիոն դրամը` ՀՀ պետական բյուջեից, իսկ մյուս 20 միլիոնը` մասնավոր նվիրատվությունների միջոցով: Բայց քանի որ այս գումարները կենտրոնին չեն բավարարել, սեփական նախաձեռնությամբ բանակցություններ են վարել միջազգային դոնորների հետ ու նրանցից էլ ստացել 3.1 մլն դոլարի տեխնիկական աջակցություն եւ 500 հազար դոլար` կենտրոնի ընթացիկ գործունեությունը ֆինանսավորելու համար: Եւ գիտե՞ք` ինչ են արել նրանք այս ընթացքում:

Զբաղված են եղել ընդամենը ծրագրեր մշակելով. «Հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում արագ հաղթանակներ», «Ջերմուկի եւ Վանաձորի՝ որպես զբոսաշրջային ուղղությունների զարգացում», «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆունկցիոնալ վերլուծություն», եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած` գերազանցապես ՀՀ պետական բյուջեից սնվող այս կենտրոնը մոտ ութ ամիս զբաղված է եղել թուղթ մրոտելով, զանազան ծրագրեր ու վերլուծություններ գրելով:

Իր հարցազրույցներից մեկում այս կենտրոնի տնօրեն Խաչատուրյանը պատմել է իրենց գործունեության մասին. «Ընդհանուր քաղաքականությունը հետեւյալն է. պետական եկամուտների կոմիտեն պետք է կանգնի պարտաճանաչ հարկատուների կողքին եւ նրանց աջակից լինի, իսկ նրանք, ովքեր խախտում են օրենքը, հարկերը չեն վճարում կամ անբարեխիղճ են, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այս գաղափարախոսությանը համահունչ ՊԵԿ-ը հրապարակել է 20 բարեխիղճ հարկատուների ցուցակը, եւ սա դեռ առաջին քայլն է: Բանկային համակարգին հորդորել ենք օրինական հարկատուներին ավելի ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել, քանի որ մոնիտորինգի եւ որոշում կայացնելու ծախսերն ավելի քիչ են թափանցիկ գործընկերների դեպքում»: Այսինքն` նրանց ծրագրերը սկսվել ու ավարտվել են նման ձեւական խորհուրդներ տալով:

Կենտրոնը նույնկերպ շարունակելու է նաեւ առաջիկայում, այս անգամ էլ գրելու է «Կրթության զարգացման պետական ծրագիր 2030», «Կրթության ազգային ինստիտուտի ֆունկցիոնալ վերլուծություն», «Դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագիր», «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» ծրագիր, եւ այսպես շարունակ:

Միայն թե հետաքրքիր է` բացի ակնհայտ ճշմարտությունները շարադրելուց, ի՞նչ գաղափարներ է ներկայացնելու այս «կաբինետային» կենտրոնը: Ի վերջո, այս ոլորտներում հեծանիվ հորինելու կարիք չկա: Պարզապես պետք է քաղաքական կամք` իրական բարեփոխումներ անելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս