ՀԱՊԿ-ում քաղաքական որոշում` ընդդեմ իրավականի. նախագահությունը Հայաստանին թողնելը չի էլ քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Երեկ այս հարցի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ամենաերկար քննարկումն են ունեցել, սակայն այդպես էլ վերջնական որոշում չի կայացվել:

Նիստի ավարտից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, թե համապատասխան վերջնական որոշում կընդունեն դեկտեմբերի 6-ին: Սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը փորձել է վերջակետ դնել հարցին` ասելով, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը: «Մեր կանոնադրությամբ այբուբենով Հայաստանին հաջորդում է Բելառուսը: Իհարկե Հայաստանը ցանկանում է ինքը շարունակել: Բոլոր մյուս երկրների ղեկավարներն ասել են, որ մնում է մի տարի, նա չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել: Այդ պատճառով մեզ պետք է նորմալ քարտուղար Բելառուսի կողմից»,- ասել է Նազարբաեւը:

Հետաքրքիրն այն է, որ այսպիսի ուղիղ հայտարարություն արվել է միայն Բելառուսի նախագահի կողմից, իսկ ՌԴ ներկայացուցիչներն ասում են, թե որոշում չի կայացվել: «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում գագաթնաժողովին չի կայացվել։ Գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը»,- ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Ստացվում է` ռուսական կողմը խուսափում է ուղիղ հայտնել իր կարծիքը, իսկ ահա Բելառուսի ներկայացուցիչը բաց տեքստով չի թաքցնում, որ չի ցանկանում` Հայաստանը շարունակի նախագահությունը` հղում անելով մյուս երկրների վրա:

Ամեն դեպքում, այս իրավիճակի «մեղավորը» հենց ՀԱՊԿ կանոնադրության բացթողումն է, քանի որ հստակ ամրագրված չէ, թե նման իրավիճակներում ինչ պետք է անել: Մասնավորապես ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է.

«Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ` երեք տարի ժամկետով». եւ, ըստ էության, չկան ո՛չ նրա հետկանչի մեխանիզմներ, ո՛չ էլ հետկանչի դեպքում հետագա կարգավորումներ: Փաստացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումից մեկուկես տարի անց Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցչին: Բայց քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին, հետեւաբար անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա: Եվ զուտ իրավական տեսանկյունից միանշանակ Հայաստանն է ճիշտ, եւ հենց այդ հանգամանքն է փորձել երեկ ներկայացնել հայկական կողմը` գագաթնաժողովին մատնացույց անելով ՀԱՊԿ կանոնադրությունը: Նկատենք, սակայն, այստեղ առկա են նաեւ քաղաքական նյուանսներ, եւ Նազարբաեւի հայտարարությունն էլ այդ մասին է վկայում:

Ի վերջո, չպետք է մոռանալ` ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոլեգիալ սկզբունքով եւ նույնիսկ մեկ երկրի դեմ լինելու պարագայում որոշումը չի ընդունվում: Եվ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին փորձել է ներկայացնել հենց այն հիմնավորումները, որոնց շնորհիվ Հայաստանը պետք է շարունակի նախագահել կառույցում: Ընդ որում, Հայաստանը կարծես թե չի պատրաստվում ժամանակից շուտ զիջել ՀԱՊԿ-ը նախագահելու իրավունքը, այդ մասին է վկայում նաեւ վերջին օրերի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը:

Եվ այս առումով Հայաստանի համար, ըստ էության, այս պահին այնքան էլ կարեւոր չէ, թե ով կլինի մեր ներկայացուցիչը, այլ կարեւոր է, որ ՀԱՊԿ-ում պահպանենք նախագահությունը: Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը միանշանակ որոշել եւ կողմ է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությանը:

Սակայն այս պահին ավելի կարեւոր է նախագահությունը պահպանելը: Հակառակ դեպքում չի բացառվում, որ Հայաստանի կողմից բարձրացվի ՀԱՊԿ արդյունավետության հարցը, թե ի վերջո այսքան տարիների ընթացքում ինչ է արել այս կառույցը կամ ինչ էր պարտավոր անել Հայաստանի անվտանգության համար:

Ինչեւէ, այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն ՀԱՊԿ քարտուղարությունում կանոնակարգումների բացակայությունն է, եւ եթե այդ պաշտոնը վերցվի Հայաստանից, դա տխուր ավանդույթ կդառնա` լրջորեն խաթարելով ՀԱՊԿ-ի կայացման հեռանկարները: Ընդ որում, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ներկայացուցիչներն ամենեւին էլ վերապահումներ չունեն Հայաստանի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի շուրջ, այլ ավելի շատ փորձ է արվում պատժել Հայաստանին եւ նրանից վերցնել նախագահությունը:

Եվ այստեղ կազմակերպության անդամ երկրներն ավելի առաջնորդվում են իրավիճակային, քաղաքական շահերով, ուստի չի բացառվում, որ հարցը լուծվի ոչ ի շահ Հայաստանի: Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրավիճակի վրա հիմնական ազդեցություն ունեցող անձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է եւ դատելով ռուսական կողմից հնչող զուսպ մեկնաբանություններից` միգուցե մինչեւ դեկտեմբեր վերապահումներ լինեն: Ամեն դեպքում երեկվա դրությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հակված են նախագահությունը կա՛մ հանձնել Բելառուսին, կա՛մ շարունակել ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարով, ով ՌԴ-ի ներկայացուցիչն է: Երրորդ տարբերակը, այսինքն` Հայաստանին թողնելը, չի էլ քննարկվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս