Ի՞նչ են թաքցնում անհետացած զինվորի հարազատները. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ռազմական ոստիկանությունը քննություն է իրականացնում ինչպես զորամասի ներսում, այնպես էլ զինվորի հարազատների շրջանում` հասկանալու համար, թե զինվորը զորամասը լքել է զորամասում ենթադրյալ խնդրի պատճառով, թե հարազատների հետ է խնդիրը կապված:

Մեզ հայտնի դարձավ, որ զինվորը 9 ամսվա ծառայող Է, երբեւէ որեւէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից:
Ինչեւէ, զինվորի անհետացման եւ իրավապահների կողմից տարվող քննությունից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունում անհանգիստ են եւ աղոթում են, որպեսզի զինվորի կյանքին վտանգ չսպառնա, եւ նրան կարողանան ողջ-առողջ հայտնաբերեն: Իսկ այս օրերին Ռազմական ոստիկանության կողմից տարվող քննության նախնական տվյալներով` զինվորը որեւէ խնդիր չի ունեցել զորամասի հետ:

Իսկ այդ դեպքում ի՞նչը կարող էր նրա` զորամասը լքելու պատճառ դառնալ: Մեզ հասած լուրերով` չնայած զինվորի հարազատները պնդում են, թե ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամները ամենօրյա կապի մեջ են ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատի, Կապանի, Վանաձորի եւ Երեւանի ռազմական ոստիկանության ծառայողների, ինչպես նաեւ մյուս իրավապահ կառույցների հետ, ովքեր արդեն քանի օր է` ասում են, որ դեռեւս նորություն չունեն զինվորի գտնվելու վայրի մասին, սակայն իրավապահ համակագը կասկածներ ունի, որ զինվորի հարազատները այդքան էլ չեն համագործակցում իրենց հետ եւ ինչ-որ բան են թաքցնում:

Ասել է թե` իրավապահները կասկածներ ունեն, որ միգուցե զինվորը տան անդամների հետ կապված խնդիր է ունեցել, քանի որ 9 ամիսների ծառայության ընթացքում նա ոչ մի զինվորի եւ, առհասարակ, ղեկավար կազմի հետ խնդիր չի ունեցել:

Այս իրավիճակի թերեւս միակ պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է, քանի որ այս տարվա ընթացքում եղան դեպքեր, երբ զինվորները զորամասի ներսում ունեցած խնդրի պատճառով, օրինակ, անցան հակառակորդի կողմը կամ էլ լքեցին զորամասը եւ հակառակորդի սահմանում ինքնասպան եղան:

Քնար Մանուկյան




Լրահոս