Հայաստանը մեղր կարտահանի Չինաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական խորհրդական Վանգ Հոնգլիանգը, ինչպես նաև ՍԱՊԾ պաշտոնյաներ:

Չինաստանի գործընկեր կառույցի պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին ու որակին՝ հեռանկարում ունենալով դրանք Չինաստան ներկրելու ծրագիր:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ողջունելով հյուրերին, կարևոր է համարել սննդամթերքի անվտանգությունն ապահովող երկու երկրների լիազոր մարմինների միջև փոխգործակցությունն ու մասնագետների միջև շփումները՝ առանձին խմբերի ապրանքների արտահանմանը խթան հանդիսանալու տեսանկյունից: Նա նաև նկատել է, որ Հայաստանն ունի ոչ միայն մեղրի, այլ նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման մեծ ներուժ և արտաքին շուկայում մրցունակ ու անվտանգ արտադրանք:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ներկրման և արտահանման ընթացակարգերը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկման մեխանիզմները: Նախանշվել են նաև առաջիկա օրերին համատեղ աշխատանքի ուղղություններն ու ժամանակացույցը:




Լրահոս