Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում առանց լիցենզիայի գործունեություն իրականացնելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Եթե քաղաքաշինության բնագավառում իրականացվում է գործունեություն առանց համապատասխան լիցենզիայի, ապա նման դեպքերում ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում:

Ռոբերտ Դավթյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից:

Նույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Միաժամանակ, նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) եւ երկրորդ պարբերություններում նշված խախտումները հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ հարկվող միեւնույն օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս