ԱՅՍ ՌԱՈՒՆԴՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԲՀԿ-Ի ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շաբաթվա գլխավոր ներքաղաքական ինտրիգի`ՀՀԿ գործադիր մարմնի տեղափոխվող նիստի մասին երեկ օրվա երկրորդ կեսի դրությամբ դեռ քաղաքական որոշում կայացված չէր:
Բայց եթե հանրապետականները բավական անկեղծորեն խոստովանում էին, որ չգիտեն` նիստը կլինի, թե ոչ, ապա բարգավաճական շրջանակներից նույն ժամի դրությամբ վստահեցնում էին, որ նիստը լինելու է, եւ որ այն նվիրված է լինելու կուսակցության ներքին խնդիրներին: Երեկոյան ժամը 6-ի դրությամբ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ժամը 20:00-ին նշանակված է գործադիր մարմնի նիստ։ Հետագայում պարզվեց, որ տասնհինգ րոպեի ընթացքում տեղի ունեցածը ոչ թե ԳՄ նիստ է եղել, այլ տնտեսական համաժողով անցկացնելուն նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ կոալիցիոն գործընկերների հետ հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր չեն քննարկվել: Դեռ լավ է, որ ՀՀԿ-ն չնախընտրեց այն կոչել ԳՄ աշխատանքային նիստ: Ենթադրում ենք՝ այն պատճառով, որ արդեն հինգշաբթի սկսված հանրապետականների «զադնի տալու» գործընթացի նկատվող ջանքերին համահունչ` ՀՀԿ մամուլի խոսնակը հայտարարեց, թե ՀՀԿ գործադիր մարմնի նիստ անցկացնելու հստակ օրը հայտնի չէ, քանի որ «գործադիր մարմնի նիստ հրավիրում է կուսակցության նախագահը` ԳՄ 1/3 առաջարկով»: Ամեն դեպքում, նիստը, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը, խիստ ներկայացուցչական է եղել. վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան եւ այլք:
Նշենք, որ առայժմ այս ռաունդը տանուլ տված (նման դեպքերում ասվում է` ճակատամարտը, բայց ոչ պատերազմը). ՀՀԿ-ականները երեկ նկատելի անտրամադիր էին:
Քանի որ ՀՀԿ խմբակցության ղեկավարը երեկ առավոտվա դրությամբ հայտարարում էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն վերջնագրերով խոսելու խնդիր չունեն, որ «մագաղաթային կուսակցություններ չեն», եւ որ այդ ամենը հորինել է սենսացիաների սիրահար մամուլը` շատերը դեռ առավոտից կանխատեսում էին, որ նիստը կա՛մ կրկին կհետաձգվի, կա՛մ կուսակցությունում կքննարկվեն ներքին, ԲՀԿ-ի հետ կապ չունեցող խնդիրներ: Այս սցենարների հնարավոր պատճառների մասին նախապես տեղակացրել էինք. ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակից ելք չգտնելու պատճառով այս պահին «երգով նահանջում» է` մեղմացնելով իր դիրքորոշումը: Այդ եւ դեմքը փրկելու նպատակով առանձին կուսակցականներ երեկ առավոտվանից փորձում էին սրբագրել վերջին օրերի իրենց իսկ հայտարարությունները: Անիմաստ ճիգեր, քանի որ բոլորն էլ գիտեն, որ կուսակցության գործադիր մարմնում սպասվող զարգացումների մասին տեղեկությունները ներքին կարգով տարածել էին հենց հանրապետականները: Ի վերջո, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն էլ այս օրերին ասել էր, որ ներքաղաքական խնդիրների օրակարգով ԳՄ նիստին ՀՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ: Եւ քանի որ որպես դրա ամսաթիվ նա նշել էր «ուրբաթ օրը` ամսի 20-ին», շատերը հակված էին միտումնավոր համարել ամսաթվի հետ ուրբաթի եւ հինգշաբթիի անհամապատասխանությունը:
Որ ՀՀԿ-ԲՀԿ այս նոր ռաունդը մամուլի կողմից սենսացիաներ որոնելու արդյունք չէ, ուղղակիորեն վկայում է ՀՀԿ-ական խիստ իրազեկ աղբյուրի հաղորդածն այն մասին, որ այդ իրադարձություններից մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է նախագահական, որտեղ Սերժ Սարգսյանը նրան ուղիղ հարցրել է, թե ինչ է նշանակում ԲՀԿ ղեկավարի վերջին հարցազրույցը: Գագիկ Ծառուկյանն էլ, «նախագահ ջանին» ասել է, որ դա նշանակում է, թե տեր է կոալիցիոն հուշագրով իր ստորագրածին եւ ոչնչով չի շեղվել եղած պայմանավորվածությունից: Այն է` ԱԺ ընտրություններին գնում են առանձին-առանձին, իսկ նախագահականում Ծառուկյանը պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Ինչը, սակայն, չի նշանակում, որ այդ մասին հենց հիմա պետք է հայտարարի, որպեսզի իր կողքին մարդ չմնա: Ավելին, ըստ մեր տեղեկությունների` Ծառուկյանը Սերժ Սարգսյանից նույնիսկ հարցրել է, թե վատ է, որ ԲՀԿ-ի նման քաղաքական ուժը, որ սոցհարցումներով առաջին դիրքերն է գրավում, իր կողքին է: Մի խոսքով, Գագիկ Ծառուկյանի պատասխանը մի փոքր անսպասելի է եղել Սերժ Սարգսյանի համար` այն առումով, որ հասկացնել է տվել, որ ՀՀԿ-ն գոնե այս պահին իր վրա «կեղտ բռնելու տեղ չունի»:
Սակայն ինչպես վկայում է հայաստանյան ներքաղաքական փորձը, դա տեխնիկայի եւ հարմար պահ ընտրելու հարց է: Բնականաբար, ոչ ոք չի էլ կասկածում, որ ՀՀԿ-ի նահանջը կրելու է ժամանակավոր բնույթ, մինչեւ Սերժ Սարգսյանը գնա Մոսկվա, որտեղ էլ հավանաբար վերջնական ճշգրտումներ կանի: Չի բացառվում, որ ճշգրտումներ արվեն նաեւ ԲՀԿ-ի հետ օր օրի նմանվող «Եդինայա Ռոսիա»-ի քաղաքական հայրերի հետ` գործը «գլխից բռնելով»:

 ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս