shamshyan.com –ը գրել էր, որ հունվարի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում․ Ford Fusion-ը բախվել էր «Լյուքս» հյուրանոցի պատին․ վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Արդյունքում, երիտասարդ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր․ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մահացած երիտասարդ տղան Հայկ Բլեյանն էր, որը «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հորեղբոր թոռն է: Սակայն ողբերգական դեպքը ծանր այլ հետեւանքներ է ունեցել:
ArmLur.am.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ երիտասարդ տղայի հայրը, չդիմանալով որդու կորստին, փորձել է ինքնասպան լինել, սակայն հարազատները կանխել են նրա գործողությունները, որից մի քանի օր անց վթարից մահացած տղայի հայրը՝ Ա. Բլեյանը, հանկարծամահ է եղել:
Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ստացվել է նշված անձի հանկարծամահության վերաբերյալ հաղորդում, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննության ընթացքում»։
Ք.Մ.