ԽԱՂՈՂ ՄԹԵՐՈՂՆԵՐԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարության նիստում հաստատվեց 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:

 

Էկոնոմիկայի նախարարը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փաթեթը կազմել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առկա են արտաքին շուկաներում՝ կախված արտարժութային շուկաներում հայկական դրամի թանկացման հետ:

«Այսինքն՝ խաղողի եւ խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինը էապես ավելի թանկ է արտարժույթով: Մենք հասկացել ենք, որ խաղողի մթերման գործում որոշել էին 65 մլն տոննա ավելի քիչ խաղող մթերել այս տարի, քան նախորդ տարիներին:

Այդ խնդիրը լուծելու, ինչպես նաեւ խաղողի գնի ընդունելի նվազագույն սահմանաչափ սահմանելու (դա 110 դրամն է), ինչպես նաեւ խաղողի մթերման դիմաց  արագ վճարումներ իրականացնելու համար մենք նախատեսել ենք միջոցառումների շարք, որը բաղկացած է մի քանի գործողություններից»:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝  նախատեսում է նախ տրամադրել բյուջետային երաշխիքներ խաղող մթերողների համար, որ կարողանան ավելի արագ վճարել խաղողի մթերման դիմաց: Երկրորդ՝ մտցվել է լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող  մթերողների համար: Այիսնքն՝ 5 հազար տոննայից ավել խաղող մթերողների համար նախատեսվել է լրացուցիչ 30 դրամ մեկ կմ խաղողի համար սուբսիդավորում: Իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար՝ 50 դրամ սուբսիդավորում:

«Մյուս գործիքը, որ այս տարի առաջին անգամ ուզում ենք կիրառել, խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որը թույլ կտա նախ հասկանալ խաղողի կոնյակի արտահանման հետ կապված դժվարությունները, մյուս կողմից՝ տալ լրցուցիչ դրամական հոսքեր խաղող մթերող ընկերություններին, որ կարողանան դա ամբողջ ծավալում իրականացնել»,-ասաց նախարարը:

Քերոբյանը վստահություն հայտնեց, որ այս ամենը թույլ կտա ապահովել խաղողի ողջ ծավալով մթերումը, երկրորդը՝ կապահովեն նվազագույնը 110 դրամ մեկ կգ խաղողի համար գինը, ինչպես նաեւ այն, որ խաղողագործները հնարավորինս արագ վճարում կստանան իրենց ապրանքի համար:

Նա հավելեց, որ այդ 5 հազար եւ 10 հազար տոննայից ավելի մթերողներին տրվող աջակցությունը տրվելու է պայմանով, որ այդ գումարով էլի խաղող մթերի:  Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց, որ 5 հազար տոննայից ավելի մթերողներին աջակցությունը կտրվի ամեն նոր հազար տոննայի համար, որը կկազմի 30 մլն դրամ: Իսկ 10 հազար տոննայից ավելի մթերողները կկարողանան աջակցություն ստանալ լրացուցիչ 5 հազար տոննա մթերելու դեպքում: Այսինքն՝ եթե մթերել է 5700 տոննա, ապա այդ 700 ավել տոննայի համար աջակցություն չի տրվելու:

 

 

 

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏՆԵՇ

Կառավարություն սեպտեմբերի 7-ի նիստում վերաբաշխում է կատարվել պետբյուջեում եւ փոփոխություններ, լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. Արարատի մարզի Արաքսավան եւ Բուրաստան համայնքների՝ Արաքս գետի նախկին հունի եւ համապատասխան սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ եւ 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավազահանքի շահագործման հետեւանքով Արաքս գետի հայկական կողմում 8 մ խորությամբ հողապատնեշը ողողվել է, իսկ մի տարածքում էլ փոխվել է Արաքս գետի նախկին հունը, Արաքսը հոսում է Հրազդան գետի հունով:

Համաձայն 1973 թ. վերասահմանանշման՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական սահմանը անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը փոփոխման հետեւանքով ներկայումս ջրազրկվել եւ պատվել է խիտ թփուտներով ու ծառերով: Արաքս գետի նախկին եւ ներկայիս հուների միջեւ առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որն ամայացել է եւ գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում:

Նշենք նաեւ, որ Արաքս գետը Հրազդան գետի հունով հոսելու հետեւանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգված է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որոնք կարող են ափամերձ տարածքի եւ սահմանային կառույցների ողողման պատճառ դառնալ:

Աշխատանքների կատարման արդյունքում նախատեսվում է մոտ 6.5 կմ երկարության վրա վերականգնել Արաքս գետի նախկին հունը համապատասխան սահմանային նշանների հատվածում եւ խուսափել հետագա փլուզումներից:

Հավելենք, որ 2022-ից մեկնարկել է օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների համար պահանջվում է 378,251.2 հազար դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 4,917.3 հազար դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,513.0, ընդամենը՝ 384,681.5 հազար դրամ։ Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների 50 տոկոսը:

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ «ՎԱՅԼԲԵՐՐԻԶ»-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն վարչության Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումների, իսկ արտահանման ժամանակ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձեւակերպված երկու տարանցման հայտարարագրերում սխալ է հայտարարագրվել ապրանքների փաստացի քաշը։ Մասնավորապես, մի դեպքում՝ բեռի փաստաթղթերով ձեւակերպված քաշը պակաս է ցույց տրվել բեռի իրական քաշից մոտ 2 տոննայով, իսկ մեկ այլ դեպքում՝ մոտ 2,6 տոննայով։ Վերոգրյալով պայմանավորված՝ ձեւակերպված բեռներն ուղարկվել են մաքսային պահեստ՝ հետագա հսկողական աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Բացի այդ, նույն ընկերության կողմից մաքսային կանոնների խախտումներ են թույլ տրվել նաեւ արտահանումների իրականացման ժամանակ։ Այսպես, ընկերության կողմից հուլիս ամսին ձեւակերպված տարանցման հայտարարագրով արտահանվող ապրանքների տվյալները (քաշը, գինը) չեն համապատասխանել տարանցման հայտարարագրին կցված փաստաթղթերով ներմուծված ապրանքների տվյալներին։ Այսինքն՝ տարանցման հայտարարագրով ձեւակերպված ապրանքների փաստաթղթային հսկողությունից պարզվել է, որ նախկինում ներմուծված, այնուհետեւ հետ արտահանվող ապրանքների ընդհանուր արժեքը մոտ 7-ից 8 անգամ գերազանցում է իրական արժեքը։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

 




Լրահոս