Արական սեռի ուսանողները պարտավոր են վերադառնալ հայրենիք. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարարության 2013-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ` միջպետական պայմանագրերի համաձայն՝ քանի ուսանող է սովորում արտերկրում, և թե տարվա կտրվածքով ինչքա՞ն ֆինանսական միջոցներ են հատկացվում արտերկրում սովորող ՀՀ քաղաքացիներին:

Հարցին ի պատասպան՝ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ հաշվետու տարում պետական միջոցներից 100 մլն դրամ հատկացվել է «Լույս» հիմնադրամին, որն իրականացնում է աշխարհի տասը լավագույն բուհերում հայ ուսանողների կրթության ծրագիրը, իսկ միջպետական ծրագրերի վրա Հայաստանն ուղղակիորեն ծախսեր չի անում:

Անդրադառնալով արտերկրում սովորող ուսանողների` հայրենիք վերադառնալու հարցին, Արմեն Աշոտյանը նշեց, որ արական սեռի ուսանողները պարտավոր են վերադառնալ, որովհետև նրանք ստանում են տարկետում ուսումնառության ժամկետի համաձայն և վերադառնում են բանակից խուսափելու պատճառով քրեական հետապնդման չենթարկվելու համար:

«Աղջիկների հարցում մի քիչ բարդ է, որովհետև այս առումով նրանք ազատ են, իսկ այստեղ ավանդական գործոնն է աշխատում ՝ երեխային օջախ վերադարձնելու»,-ասաց նախարարը:




Լրահոս