ԹՈՇԱԿԸ`
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
«Հայփոստ» ՓԲԸ-ի տեղեկացմամբ` ՀՀ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից սկսած: Հուսանք, որ գոնե այս ամիս թոշակառուները ստիպված չեն լինի ժամեր շարունակ սպասել հերթերում:
ԱՌԱՆՑ ՊԱՐՏՔԵՐԻ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում երեկ ՀՀ-ում էր նաեւ ««Ռոսնեֆթ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ-ի նախագահ Իգոր Սեչինը: 168.am-ը, հիշեցնելով «Ռոսնեֆթ»-ի` «Նաիրիտ»-ը ձեռք բերելու մտադրությունը, նշում է, որ ռուսները ամեն կերպ փորձում են այն ստանալ առանց կուտակված շուրջ 400 մլն դոլար պարտքի: Մինչդեռ ՀՀ կառավարությունը, բնականաբար, ցանկանում է «Նաիրիտ»-ը ռուսներին տալ պարտքերի հետ միասին: Աղբյուրի տվյալներով՝ երեկ կայացած բանակցությունների ընթացքում ռուսները պնդել են, որ գործարանն իրենց հանձնվի 0-ական պարտքով:
ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, թե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ դեկտեմբերի կեսերը կլինի Հայաստանում: Նա նշել է, որ Հովհաննիսյանը մասնավոր այցով գտնվում է ԱՄՆ-ում՝ հերքելով իր կուսակից ընկերոջ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի երեկ արած հայտարարությունը, թե Ր. Հովհաննիսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Փաստորեն, «Ժառանգություն»-ում անգամ Ր. Հովհաննիսյանի առողջական վիճակի հետ կապված միասնական տեսակետ չկա:
ՀԱՄԱՆԵՐՎԵԼ ԵՆ
Նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանի դատարաններում համաներում է կիրառվել 1457 անձի նկատմամբ: