ԲԱՑ ՆԱՄԱԿ ԾՊՏՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Բանակում անարդարություններին ՈՉ» նորահայտ նախաձեռնությունը բաց նամակ է հղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ կոչ արել ՊՆ-ին կից հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասում  2011թ. հունիսին անորակ մսի օգտագործման դեպքը բացահայտելու փաստի առթիվ: Նամակում նշվում է, որ Գեղամ Հարությունյանը դեպքը բացահայտելուց հետո չի զեկուցել Սեյրան Օհանյանին: Այս նամակի հետ կապված` զրուցեցինք Գեղամ Հարությունյանի հետ` նրան խնդրելով մեկնաբանել:
-Իսկ ի՞նչը մեկնաբանեմ, ծպտված մարդկանց բաց նամա՞կը: Մարդիկ բաց նամակի ժանրին են դիմում, մինչդեռ իրենք մնում են թաքստոցում, ո՞րն է սրանց բարոյական նկարագիրը: Գիտե՞ք` սա ինչի է նման, երբ մի լավ, պարզ օր հանկարծ փոշեխառն քամի է բարձրանում. ի՞նչ պետք է անենք. փորձենք օդի հոսքից փոշու եւ ավազի հատիկնե՞րն առանձնացնել: Ո՛չ, կա շատ ավելի ճիշտ ճանապարհ` փակել պատուհանը եւ այդ ամենը թողնել դրսում: Այնպես որ, ես ինձ պարտավորված չեմ զգում մեկնաբանել բանսարկություններն ու ստահոդ լուրերը:
-Նամակում նշվում է, որ զորամասի ճաշարանում զինվորներին անորակ մսից պատրաստված կերակուր են տվել, որը նրանք չեն կերել, եւ Դուք այդ մասին լռել եք:
-Կարո՞ղ եք ինձ ասել, թե այսօր (երեկ-Ս.Գ.) ամսի քանիսն է:
-Ապրիլի 18-ը:    
-Դա հավաստի եւ հեշտ ստուգվող փաստ է չէ՞:
-Այո՛:
-Ուրեմն նույնքան հավաստի եւ հեշտ ստուգվող փաստ է նաեւ այն, որ ոչ միայն 2011 թվականի հունիսին, այլեւ 2011 թվականի ողջ ընթացքում հասարակական խորհրդի որեւէ հանձնախումբ ո՛չ իմ գլխավորությամբ եւ ո՛չ էլ առանց ինձ Ղարաբաղի հարավի զորամասեր եւ մասնավորապես ու կոնկրետ Հադրութի զորամաս չի այցելել եւ  ստուգումներ չի իրականացրել: Եթե մենք Հադրութում չենք եղել, այդ զորամաս չենք այցելել, ինչպե՞ս կարող էինք այդ զորամասում այս կամ այն փաստի ականատեսը լինել: Ինձ թվում է` սրանով ամեն ինչ ասված է: Հիմնավորապես կեղծ, իրականությանը չհամապատասխանող, հասկանալի նպատակներ հետապնդող հերթական քայլ է սա:
-Իսկ առհասարակ նման փաստեր արձանագրե՞լ եք:
-Եղել է, երբ այլ զորամասերում ականատես ենք եղել դեպքերի, երբ զինվորները լավ չեն օգտվել այս կամ այն ճաշատեսակից: Մենք այդ փաստերն արձանագրել եւ ներկայացրել ենք պաշտպանության նախարարին:
-Իսկ ծառայողական քննություն անցկացվելո՞ւ է:
-Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել:
-Ձեզ դիմե՞լ են:
-Ո՛չ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս