“Ժողովուրդ”-ն օրեր առաջ եղավ Սեւանում եւ արձանագրեց, որ անվճար հանրային լողափին հարակից տարածքում գտնվող լողափի տնակները տեղահանված էին, ծառերի ճյուղերը՝ կոտրված, իսկ գույքը՝ վնասված: Զրուցեցինք ափի հսկիչ Էդիկ Սուքիասյանի հետ, որն այդ տարածքը հսկում է 1996թ.-ից: Նա մեզ պատմեց, որ այս տարվա հուլիսի սկզբներին մի խումբ մարդիկ են եկել եւ քանդել տարածքը:
Ափի հսկիչը մեզ հայտնեց, որ ,քանդողներըե համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել.”Մինչեւ հիմա սպասում ենք այդ թղթերին”: Միայն հայտնի է, որ “քանդող” մարդկանց մեջ եղել են նաեւ Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ:”Հա՛, հասկանում ենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ պետք է ընդլայնեն հանրային ափը, բայց դե դրա համար սիրուն մոտեցում կա: Ոչ թե մի օրում գան, հրաման տան ու 17 տարվա աշխատանքս քանդեն”,-պատմեց Սուքիասյանը` տեղեկացնելով, որ ինքը լսել էր, թե պետք է հանվեին այդ “դոմիկները”, բայց չգիտեր, որ գալու են ու այդպես վարվեն. ,Գիտեի, որ ջուրն ավելանալու է, դրա համար էլ ափի սեփականատիրոջ հետ որոշեցինք հանել դոմիկները: Լավ էր հասցրեցինք, 3-4 դոմիկ մենք հանեցինքե: Դիմեցինք նաեւ ափի սեփականատիրոջը, սակայն նա հրաժարվեց խոսել այդ թեմայով:
Տեղեկացնենք, որ տնակները հանելու ժամանակ ափում հանգստացողներ են եղել. “Նույնիսկ դա էլ հաշվի չառան: Իրենք քանդում էին, իսկ մարդիկ` լողանում: Ինչքան եմ քրտինք թափել, պտղատու ծառեր եմ տնկել, հետո դրանք պահպանել եմ, բայց իրենք մի տրակտորով 5 ժամում քանդեցին այդ ամբողջըե: Պարոն Սուքիասյանի հետ շրջեցինք այդ հանգստավայրի ափերով, եւ ,սեւանագետե դարձած հսկիչը ցույց տվեց արդեն կեղտոտված ափը: ,Այս կեղտը չմաքրելու պատճառով ջրում առաջանում է նեխման պրոցես, դա էլ խանգարում է ձկների զարգացմանը”,-ափսոսանքով նկատեց նա:
Է. Սուքիասյանը երկար տարիներ նաեւ փրկարար է աշխատել. “Որին էլ հարցնեք, կիմանան, թե ինչ կազմակերպված ու գեղեցիկ ափ է եղելե: Ցույց տալով արդեն ավերված տարածքը (տե՛ս լուսանկարները)՝ Սուքիասյանը հարցադրում արեց. “Ո՞վ է պատասխանատու այս ավերածության համար”:
“Ժողովուրդ”-ը դիմեց Սեւանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ով է պատասխանատու քաղաքացուն հասցրած վնասի համար: Իրավաբան Լեւոն Թորոսյանը պարզաբանեց. “Ի՞նչ վնասի մասին է խոսքը: Դոմիկները հարկադիր եղանակով են քանդվել ու տեղահանվել են լողափի ազատման, այսինքն` տարածքի նախկին վիճակի վերականգնման նպատակով: Սեւան համայնքի քաղաքապետի որոշումներ կան, բացի այդ, վարչական վարույթներ են հարուցված եղել, դրա արդյունքում որոշումներ են ընդունվել: Նրանց առաջարկվել է կամավոր ազատել դոմիկները, եւ դրա համար տրվել է համապատասխան ժամանակ: Իրենք չեն արել”:
Այսպիսով՝ Սեւանի քաղաքապետարանը պաշտոնապես պարզաբանեց, որ հասարակ քաղաքացու հաշվին ՀՀ կառավարությունն ուզում է հանրային լողափն ընդլայնել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ