Հայաստանում գրանցված է շուրջ 100 կուսակցություն, սակայն Հայաստանի ներքաղաքաքական կյանքում դերակատարություն ունեն և ակտիվ գործունեություն են ծավալում դրանցից մի քանիսը:
Armlur.am-ը ոչ ակտիվ կուսակցությունների ներկայացուցիչներից փորձեց ճշտել, թե իրենց կուսակցությունն այժմ ինչով է զբաղված: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին այնքան էլ դուր չեկան մեր հարցերը, և նա դա համարեց Բաղրամյան 26-ի և Սերժ Սարգսյանի հրահանգով տրված հարց, սակայն, այնուամենայնիվ, նշեց. «Այդ հարցը հենց Բաղրամյան 26-ին պետք է տալ, թե կուսակցություններին ինչ հնարավորություն է ընձեռված` ընտրելու, ընտրվելու, ընտրական համակարգն ինչի են ոչնչացրել»,-հավելեց նա:
Մեր այն հարցին, թե վերջին շրջանում կուսակցությունում նիստեր գումարվե՞լ են և ինչպիսի գործունեություն է ծավալվել, Մակեյանը նշեց. «Միշտ էլ կանոնակարգով, կանոնադրությամբ, մեր կուսակցությամբ անում ենք: Հայաստանը մի միջավայր է, որ բոլորը գիտեն, թե ով ինչով է շնչում»:
Իսկ «Ազգային համաձայնություն» կուսակցության անդամ Արամ Հարությունյանն էլ նշեց, թե խորհրդի նիստեր են անում և կապ հաստատում կառույցների հետ: «Այսինքն, ստորագրահավաք` նախագահի իմպիչմենտի հետ կապված և խորհրդի նիստեր ենք անում, կապը կա կառույցների հետ», – ընդգծեց Հարությունյանը:
Մեր այն հարցին, թե եղե՞լ են կուսակցության նիստեր, Հարությունյանը նշեց. «Այո, իհարկե եղել են, վերջինը՝ անցած շաբաթ»: