Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և նախարարության մասնագետներն անդրադարձան գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին և ներկայացրեցին տիրող պատկերը:
Պողոսյանը ներկայացրեց Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակը և ընդգծեց, որ առողջապահական վիճակն այնքան էլ անհանգստացնող չէ: «Իրավիճակը շատ վերահսկելի է, սա ընդամենը սեզոնային գրիպի ավելացում է: H1N1 վիրուսի հետ կապված ներկայացված թվերը բարձր չեն», – հավելեց նա:
Նրա խոսքով` բնակչությունը միշտ խուսափում է, զբաղվում է ինքնաբուժությամբ և միայն վերջին պահին է դիմում բժշկի: «Որևիցէ խուճապի մասին խոսք լինել չի կարող», – հավելեց նա:
Նա կրկին հայտարարեց, որ այսօր Հայաստանում H1N1 վիրուսի, սուր շնչառական հիվանդությունների և թոքաբորբի համաճարակ չկա: «Կա սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճ և H1N1 վիրուսի մի քանի դեպքեր: Երկրում համաճարակ չկա, խուճապի մատնվելու կարիք չկա, բայց զգոնության կոչ ենք անում բոլորին», – հավելեց նա:
Նրա խոսքով` հիվանդանոցներում «Տամիֆլու»-ն բաժանվում է անվճար, սակայն հաճախ է բարձրաձայնվել, որ մոտ 20 հազար դրամ արժողությամբ դեղը նույնիսկ դեղատներում գտնել չի լինում: «Տամիֆլյու»-ն կանխարգելիչ չէ, այն բուժիչ է: Հիվանդանոցներն անվճար կտրամադրեն: Այդ դեղի խնդիր Հայաստանը չունի», – հայտարարեց նա: