Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի նման գործելակերպը հեղինակազրկում է նաև մեր երկիրը. ԱԱԾ-ի կազմակերպած «բեմականացման» հետևանքները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյան եղբայրները, Նելլի Մինասյանն ու Սրբուհի Այվազյանը ազատ են արձակվել: Դատարանը նրանց խափանման միջոց կալանքը փոխարինել է չհեռանալու մասին ստորագրությամբ` նախաքննական մարմնի միջնորդությամբ: Թե ինչով է պայմանավորված հանցախմբի՝ թվով հինգ անդամների ազատ արձակումը, որեւէ հստակ պարզաբանում չի ներկայացվել: Հայտնի է միայն, որ նրանց առաջադրված մեղադրանքները մնացել են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը եւ ապօրինի զենք պահելը:

Սահմանադրական հանրաքվեի հետ կապված քաղաքական զարգացումների ամենապիկին այս հանցախմբի վնասազերծումը, որը շատերի մոտ կասկածներ եւ անվստահություն առաջացրեց, ԱԱԾ ղեկավարը, ոստիկանապետը, ապա եւ ինքը` Սերժ Սարգսյանը հայտարարեցին որպես երկիրը հրեշավոր վտանգներից փրկելուն ուղղված անվտանգության մարմինների փայլուն աշխատանք եւ ամոթանք տվեցին կատարվածում որոշակի նպատակներով արված բեմականացում տեսնողներին:
Մասնավորապես Ս. Սարգյանն իր վերջին հարցազրույցում այս կապակցույամբ ասել էր.«Այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետեւ նրանք շատ երջանիկ կլինեին, եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենային, եւ իրենք ուրախ կլինեին: Հակառակ պարագայում այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք ազգային անվտանգության մարմիններին»:

Նկատենք, որ նոյեմբերի 25-ից անցել է ոչ թե 1, այլ ուղիղ 2 ամիս, սակայն հանրությանն այդպես էլ որեւէ տեղեկատվություն չի ներկայացվել: Ավելին` հիմա պարզվում է` «հանցախմբի» կոնկրետ 5 անդամների դեպքում ապացույցնեի խնդիր, այնուամենայնիվ, կա: ՀՀ նշված 5 քաղաքացիների նկատմամբ անցած 2 ամիսներին ոչ միայն խախտվել է անմեղության կանխավարկածը, այլեւ այդ մարդկանց ամենաբարձր մակարդակով կպցվել են ահաբեկչի եւ հանցագործի պիտակներ:

Անմեղության կանխավարկածի վրա թքած ունենալն, իհարկե, Ս. Սարգսյանին միանգամայմ բնորոշ է, նա դա մեկ անգամ չէ, որ ի ցույց է դրել, այդ թվում եւ Շանթ Հարությունյանի դեպքում ԱՄՆ-ում արած հայտարարությունների ժամանակ: Այստեղ խնդիրն այլ է. նման գործելակերպով ոչ միայն Ս. Սարգսյանը կամ ԱԱԾ-ն են հեղինակազրկվում, այլեւ մեր երկիրը, որն այս ամենի արդյունքում միջազգային կառույցներում զուգադրվում է Ադրբեջանի հետ նույն հարթության վրա:




Լրահոս