«ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԲԱՄԲԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը սկսում է հայտնիների հետ բլից-հարցազրույցների շարք, որի շրջանակում կբացահայտի նրանց անցած ճանապարհը, բնութագրական որակները, բնավորության` քչերին հայտնի գծերն ու, ով գիտե, գուցե նաեւ` գաղտնիքները: Այսպիսով` մեր առաջին զրուցակիցը «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Սքոչ ընդ վիսկի» ֆիլմերից, «Ի զեն», «Կառավարական համերգ», «Փնտրվում է տղամարդ», «Դոն Ժուան ավիա» եւ այլ ներկայացումներից հայտնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է:

-Լուիզա՛, ինքներդ Ձեզ սկսում եք հիշել…
-Երկու տարեկանից: Այդ ժամանակահատվածից արդեն իսկ իմ մասնակցությամբ ինչ-որ դրվագներ մտաբերում եմ, բայց հստակ կերպով ինձ հիշում եմ երեք տարեկանից:
-Մանկության ամենավառ դրվագներն ինչի՞ հետ են կապված:
-Երջանկության, անհոգության, իսկ եթե ավելի առարկայական` վերմիշելի (ծիծաղում է): Երբ մանկապարտեզում դաստիարակներս ինձ վերմիշել էին մատուցում, ես երկրորդ բաժինն էի ուզում, եւ եթե պատասխանում էին, որ վերջացել է, չէի հավատում, գնում էի խոհանոց եւ թասերի կափարիչները բարձրացնելով` ստուգում էի, համոզվում էի, որ հաստատ չկար, հետո նոր հանգիստ նստում էի տեղս (ծիծաղում է):
-Մինչեւ օրս չեք համակերպվում…
-Անարդարության հետ, ընդ որում, ոչ միայն մեր ոլորտի: Չեմ համակերպվում նաեւ անհետեւողական, ստի հետ: Դա նշանակում է, որ դիմացինս հիմար է, իսկ ես մարդու այդ տեսակը չեմ սիրում:
-Մարդկային ամենայուրահատուկ որակը ո՞րն է:
-Էքսցենտրիկությունը:
-Կնոջ ինքնատիպ լինելու գաղտնի՞քը:
-Չմոռանալը, որ ինքը կին է: Կյանքի բերումով մենք միշտ չէ, որ ստանձնում ենք գործեր, որոնք համապատասխանում են միայն կանանց, բայց նման պարագաներում էլ ցանկացած հարցի պետք է նայել ոչ թե մարդու, այլ կնոջ տեսանկյունից, օրինակ` լինել ոչ թե քաղաքացի, այլ կին քաղաքացի: Չպետք է անտեսել կանացի սկիզբը:
-Ամաչում եք…
-Վախկոտությունից, թերահավատությունից:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է:
-Եթե ոչ դերասանուհի, ապա…
-Ես ինձ ամեն բնագավառում էլ պատկերացնում եմ, եւ ինչ գործ էլ որ անելու լինեմ, կանեմ դա շատ լավ, երբեք չեմ ծուլանա, կսկսեմ խորապես ուսումնասիրել աշխատանքիս նրբությունները: Մեր հասարակության խնդիրներից մեկն էլ այն է, որ ամեն մեկը մտածում է, թե ինքն իր տեղում չէ եւ սկսում է մատների արանքով նայել իր մասնագիտությանը: Եթե կարողանանք այս երեւույթն արմատապես վերացնել, յուրաքանչյուրս մեզ ռեալիզացված եւ երջանիկ կզգանք:
-Մի արտահայտություն, որ ամենաշատն եք անում:
-«Կգժվեմ»:
-Ձեր կյանքից տարիներ կտայիք, միայն թե…
-Չէ, չեմ տա տարիներ, որովհետեւ շատ եմ գնահատում ժամանակը, եւ, ընդհանրապես, կյանքը, ուստի չեմ կարող ինչ-որ բանից կառչել ու մտածել, որ այդ պահն արժանի է իմ` տարիներ կորցնելուն:
-Մարդ կամ մարդիկ, որոնք մեծապես ազդել են Ձեր ողջ կյանքի վրա:
-Դրանք իմ ճանապարհին հանդիպած բոլոր մարդիկ են` կլինեն բարի, թե ոչ այնքան: Նրանք ստիպել են ինձ քայլ կատարել: Ինձ վրա դրական ազդեցություն են ունեցել նաեւ ֆիլմերը, որոնք ես դիտել եմ, կենսագրությունները, որոնք կարդացել եմ, օրինակ` Կոկո Շանելինը: Ծանոթացել եմ այնպիսի կանանց պատմությունների, որոնք իրենց բնագավառում կարողացել են փոխել ինչ-որ բան. ուղղակի գործել են:
-Եվ վերջին հարցը` կյանքն ավարտվում է, երբ…
-Երբ որոշում ես, որ այն ավարտված է…

 

 

 
«ՓՈՔՐ ԲԵՄԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԴԱԺԱՆ ԵՆ»

Հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը եւ դերասան Անդրանիկ Հարությունյանը համատեղ բիզնես են հիմնել` փաբի տեսքով, որտեղ, ինչպես իրենք են նշում, մեկտեղված են բիզնեսն ու արվեստը:

Արմենը «Ժողովուրդ»ի հետ զրույցում նկատեց, որ եթե ակումբային կյանքը ճիշտ կազմակերպվի, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, այնտեղի բեմը կարող է ծառայեցվել էստրադան պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն: «Ակումբներից կարող են բավական պատրաստված արտիստներ դուրս գալ, ուստի մենք, բացի բիզնես նպատակ հետապնդելուց, հաշվի ենք առնում նաեւ այս հանգամանքը: Կարծում եմ, որ եթե, օրինակ, մեր երկրի հումորային նախագծերը թերություններ ունեն, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չունենք «ակումբային գլադիատորներ»: Արտիստները դեռեւս անփորձ ժամանակվանից պետք է կենդանի շփում ունենան մարդկանց հետ, շփվեն նույնիսկ կիսախմած հանդիսատեսի հետ, փորձեն բավարարել նրան, չէ՞ որ փոքր բեմի կանոններն ավելի դաժան են: Դրանից հետո այդ արտիստները ավելի պատրաստված կգնան մեծ բեմեր: Թե չէ այսօր տեղի է ունենում հակառակը. անփորձ դերասանները սերիալներից դեպի բեմ են գնում. ախր, դրանք տարբեր ինստիտուցիոնալ համակարգեր են: Իսկ այս տիպի ակումբներում տարբեր ժանրերի արտիստներ կարող են կայանալ, իսկ արդեն կայացածները` «չծերանալ»»,- մեկնաբանեց նա:
Արմենը տեղեկացրեց, որ իրենց ակումբում արդեն հասցրել է սթենդ-ափ շոուով ներկայանալ դերասան Հովհաննես Դավթյանը, իսկ առաջիկայում ծրագրվում է այնտեղ անցկացնել շոու` գեյմ ֆորմատով. «Դա արդեն հումորային ծրագիր չի լինի, այլ, այսպես ասած, «12 աթոռ» շոու, որի ընթացքում մրցութային փուլերը հաղթահարելուց հետո մասնակիցը, դանակով ճղելով աթոռը, այնտեղից կարող է մրցանակ հանել, ավելի կոնկրետ` ոսկի: Իսկ մասնակիցները, բնականաբար, կլինեն փաբի այցելուները: Առայժմ չեմ ասի, թե որ արտիստների հետ ենք համագործակցելու, բայց այս շոուի ընթացքում բեմում կլինեմ նաեւ ես»,- ասաց նա:
Արմենի խոսքով` արդեն աշնանը իրենք կներկայան նոր ակումբային երաժշտական շոու-ծրագրով, որը կկոչվի «Դեպուտատի շոու»: Այն, հնարավոր է, հետագայում բարձրանա մեծ բեմ:
Տարբեր շոուների ընթացքում որպես հաղորդավարներ հանդես են գալիս հենց Արմենն ու Անդրանիկը: Մեր այն հարցին, թե արդյոք Արմենի` երկար տարիների գործընկեր Արտյոմ Մարկոսյանը եւս կընդգրկվի փաբի շոու-ծրագրերում, հումորիստը պատասխանեց. «Հնարավոր է, բայց առայժմ նման խոսակցություն չկա: Միգուցե մեզ տեսնեք մեկ ուրիշ նախագծի շրջանակում, ոչինչ բացառված չէ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՍԻՐՈՒՇՈՆ` ԻՎԵՏԱՅԻՆ
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին հասցրել են ոգեւորել եւ քաջալերել շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Նրանց թվում են նաեւ մրցույթի` նախորդ տարիների մեր մասնակիցները, որոնք հաջողություն են մաղթել երգչուհուն: Սատարողներին է միացել նաեւ 2008 թվականին Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացրած երգչուհի Սիրուշոն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուրախ եմ, որ մենք նման երգչուհի ունենք։ Լավ ձայն, ինքնավստահություն եւ կրակ։ Առաջ Հայաստան»։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

 

 

ՀԱՄԵՐԳ` ՊԱԼՄԻՐԱՅՈՒՄ
Մարիինյան թատրոնի նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ, մայիսի 5¬ին համերգ է տվել Սիրիայի Պալմիրա քաղաքում, որն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրվել է ռուս զինվորականների աջակցությամբ: Այդ մասին ՏԱՍՍ¬ին հայտնել է թատրոնի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ¬ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, սիրիական զորքերի կողմից ազատագրվել է մարտի վերջին:

 

 

49-ՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ Է ԱՌԱՋՆԵԿԻՆ
Ամերիկյան հայտնի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը, ով վերջերս անսպասելիորեն ընդհատեց իր համաշխարհային շրջագայությունը, պատրաստվում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն: Երգչուհին արդեն 49 տարեկան է, եւ այս տարիքում հղիանալու նրա շանսերը չափազանց ցածր էին գնահատվում` 3-4 տոկոս: Ուստի աղբյուրը ենթադրում է, որ Ջեքսոնն ու նրա ամուսինը բեղմնավորման համար դիմել են բժշկական միջամտության:
«Իմ կյանքում այժմ շատ կարեւոր փուլ է: Ես եւ ամուսինս պատրաստվում ենք երեխա ունենալ, իսկ բժիշկն ինձ խորհուրդ է տվել հանգստանալ: Հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենաք»,-ասել է երգչուհին, ով մի քանի շաբաթից կնշի 50-ամյակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ջեքսոնը 2012թ.-ին ամուսնացել է միլիարդատեր Վիսամ Ալ Մանայի հետ: Ի դեպ, երգչուհու համար սա 3-րդ ամուսնությունն է:




Լրահոս