Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքում է ՊԵԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վստահ ենք, որ շրջանառության հարկի հետ կապված խնդրի լուծումը հօգուտ հարկ վճարողների բխում է իրավական օրենքի գերակայության սկզբունքից:
ԱԱՀ-ին անցնելու մասին հայտարարությունների կոնկրետ ձևը ներկայացնելու ՊԵԿ-ի պահանջըձևական է այն պատճառով, որ թեկուզ սխալմամբ որպես ԱԱՀ վճարվող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացրած հարկ վճարողները բովանդակային առումով կատարել են նույն պարտականությունները, ինչ ԱԱՀ վճարվող համարվելու մասին հայտարարություն ներկայացրածները.երկու դեպքում էլ հարկատուները բարեխղճորեն դուրս են գրել ԱԱՀ հաշիվներ և ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկներ: Հետևաբար՝ նույնիսկ եթե ենթադրենք, որ հարկատուները սխալ են մեկնաբանել օրենքը, ապա դրա արդյունքում պարզապես ներկայացրել են փաստաթղթի ոչ ճիշտ տարբերակ, այսինքն՝ նրանք չարամիտ դիտավորությամբ չեն խախտել օրենքի պահանջները, ինչպես օրինակ՝ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու դեպքում:
Ինչ վերաբերում է “անձինք” բառի մեկնաբանությանը, ապա մեր կողմից ՊԵԿ ուղարկված գրություններում բազմաթիվ փաստարկներ են վկայակոչվել հօգուտ բազմաթիվ հարկ վճարողների այն դիրքորոշման, որ օրենքի տվյալ դրույթում այդ բառը պետք է հասկանալ ֆիզիկական անձ իմաստով: Մեր հիմնական փաստարկները հանգում են հետևյալին.
ա) օրենքի նույն՝ 4-րդ հոդվածում, օգտագործվում է ,հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինքե բառակապակցությունը, որում եթե “անձինք” բառը մեկնաբանվի ՊԵԿ-ի առաջարկած սկզբունքով՝ տառացի և փոխարինվի օրենքում առկա սահմանմամբ, ապա կստացվի հետևյալը՝ “հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներըե, մինչդեռ նոտարները չեն կարող լինել ոչ հաստատագրված վճար և ոչ էլ արտոնագրային վճար վճարողներ,
բ) նմանապես նաև, նույն՝ 4-րդ հոդվածում, տեղ է գտել “երրորդ անձանցից (այդ թվում՝ պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկություններե բառակապակցությունը, որում ևս անձինք բառը որպես առևտրային կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և նոտարներ հասկանալու դեպքում կհանգենք անհեթեթության,
խնդրո առարկա դրույթի ձևակերպումը հետևյալն է. շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին (ըստ տառացի մեկնաբանության` առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին), որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) (4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի “բ” ենթակետ): Սակայն տառացի մեկնաբանության դեպքում կհանգենք, օրինակ, 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի “ա” և “բ” կետերի նույնության, քանի որ “ա” կետով սահմանված է, որ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին, այսինքն` “ա” ենթակետն ամբողջովին կլանվում է “բ” ենթակետի բովանդակությամբ, ուստի “ա” կետի նախատեսման անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է,
նշված դրույթում բացառապես տառացի մեկնաբանության դեպքում խեղաթյուրվում է նաև օրենքի ընդունման նպատակը և ստեղծվում է մի իրավիճակ, երբ խոշոր բիզնեսը կարող է արհեստականորեն մասնատվել փոքր մասերի:
Վերը շարադրված փաստարկները և բազմաթիվ հարկատուների կողմից ,անձե բառի ընկալումը ֆիզիկական անձ իմաստով վկայում են առնվազն այն մասին, որ այդ իրավադրույթի իմաստն ակնհայտորեն տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ուստի իրավանորմը չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի դատական ակտերով ամրագրված իրավական որոշակիության պահանջին, ըստ որի՝ նորմը պետք է ձևակերպված լինի այնպիսի հստակությամբ, որը թույլ կտա շահագրգիռ անձին համապատասխանեցնելու իր վարքագիծը սահմանված կարգավորումներին և կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ համապատասխան գործողությունների հետևանքով: Դեռ ավելին՝ հարկ վճարողները հայտնել են նաև, որ տարվա սկզբում կատարված իրենց հարցադրումներին ի պատասխան՝ ՊԵԿ-ի աշխատակիցներն “անձ” բառը մեկնաբանել են նաև ֆիզիկական անձ իմաստով:
Հետևաբար՝ ստեղծված իրավիճակից ամենաողջամիտ ելքը երկիմաստ իրավադրույթի մեկնաբանումն է հօգուտ հարկ վճարողների, ինչպիսի լուծումը համահունչ է իրավական օրենքի գերակայության կարևորագույն սկզբունքին:
 Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս